00:41  ,  7 մայիսի, 2018

Ինյեստայի վերջին Սուպերկլասիկոն՝ գոլառատ ու սկանդալային

Այս մրցաշրջանի վերջին Սուպերկլասիկոն նշանակություն չուներ մրցաշարային աղյուսակի առումով, սակայն ստացվեց բավական դիտարժան՝ գեղեցիկ գոլեր, կարմիր քարտ, մրցավարական կասկածելի որոշումներ ու թեժ պայքար:

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Բարսելոնան» Պրիմերայի 36-րդ տուրում ընդունեց երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, թեեւ «Բարսելոնան» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 խաղացողներով (տեսանյութ):

Խաղի առաջին իրական գոլային պահն ունեցավ «Բարսելոնան», սակայն Լուիս Սուարեսը չորրորդ րոպեին չկարողացավ գրավել դարպասը: 6 րոպե անց ուրուգվայցի հարձակվողն ուղղեց իր սխալը եւ բացեց հաշիվը գեղեցիկ գրոհի արդյունքում: Արքայական ակումբի պատասխանը չուշացավ: 4 րոպե անց մադրիդցիներն անցկացրին ոչ պակաս գեղեցիկ գրոհ, որը գոլով ավարտեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Առաջին խաղակեսում խաղի տեմպը շատ բարձր չէր, թեեւ թիմերն այնքան էլ վստահ չէին գործում պաշտպանությունում: Խաղակեսի միջնամասում «Ռեալն» ունեցավ 2 իրական գոլային պահ, բայց 2 դեպքում էլ Ռոնալդուն չկարողացավ գրավել դարպասը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Բարսելոնան» մնաց 10 խաղացողներով: Մրցակցին հարվածելու համար դաշտից հեռացվեց իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն: Հատկանշական է, որ այդ դրվագից վայրկյաններ առաջ «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը եզրային գծի մոտ հարվածեց մրցակցին, սակայն մնաց անպատիժ: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Ընդմիջմանը թիմերը կատարեցին մեկական փոխարինում: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի փոխարեն դաշտ դուրս բերեց պորտուգալացի պաշտպան Նելսոն Սամեդուին, իսկ «Ռեալը» գլխավորող Զինեդին Զիդանը փոխարինեց Կրիշտիանու Ռոնալդուին, որը գոլի դրվագում հարված էր ստացել ոտքին եւ դաշտում իր տեղը զիջեց իսպանացի Մարկո Ասենսիոյին:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդեսը դարձյալ հայտնվեց ուշադրության կենտրոնում: 52-րդ րոպեին Լուիս Սուարեսը կանոնների խախտումով խլեց գնդակը «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանից եւ գոլային փոխանցում կատարեց Սուպերկլասիկոների պատմության լավագույն ռմբարկու Լիոնել Մեսին, որը 26-րդ գոլը խփեց «Ռեալի» ու «Բարսելոնայի» դիմակայություններում: 58-րդ րոպեին ծափահարությունների ներքո փոխարինվեց «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան, որն այս մրցաշրջանի վերջում հեռանալու է թիմից եւ անցկացրեց վերջին Սուպերկլասիկոն:

Կարմիր քարտից հետո կատալոնական ակումբը կարծես ավելի լավ էր խաղում եւ ավելի շատ էր գրոհում: 70-րդ րոպեին Մեսին մեն-մենակ դուրս եկավ Կեյլոր Նավասի դեմ, սակայն «Ռեալի» կոստառիկացի դարպասապահը հրաշալի ցատկով փրկեց հյուրերին: Քիչ անց մադրիդցիները հավասարեցրին հաշիվը: 72-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հաշիվը 2:2 դարձրեց Գարեթ Բեյլը: 76-րդ րոպեին «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան սեփական տուգանայինում գցեց «Ռեալի» պաշտպան Մարսելոյին, իսկ մրցավարը չնշանակեց 11 մետրանոց հարված: Վերջնամասում 2 թիմերն էլ անցկացնում էին վտանգավոր գրոհներ, սակայն դարպասի նոր գրավում չարձանագրվեց:

«Բարսելոնան» շարունակում է ռեկորդային անպարտելի շարքը Պրիմերայում եւ միավորների քանակը հասցրեց 87-ի, իսկ «Ռեալը» 72 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 75 միավոր, բայց մեկ հանդիպում ավելի է անցկացրել Արքայական ակումբից:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության առաջին շրջանում «Բարսելոնան» «Ռեալին» հյուրընկալվելիս հաղթել էր 3։0 հաշվով։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 2:2

Լուիս Սուարես, 10, Լիոնել Մեսի, 52 – Կրիշտիանու Ռոնալդու, 14, Գարեթ Բեյլ, 72

Հեռացում՝ Սերխի Ռոբերտո, 45+3 («Բարսելոնա»)

«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Սերխի Ռոբերտո, Ժերար Պիկե, Սամուել Ումտիտի, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ, Անդրես Ինյեստա (Պաուլինյո, 58), Ֆելիպե Կոուտինյո (Նելսոն Սամեդու, 46), Լիոնել Մեսի, Լուիս Սուարես (Պակո Ալկասեր, 90+2):

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Նաչո Ֆերնանդես (Լուկաս Վասկես, 68), Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Մարսելո, Կազեմիրո, Տոնի Կրոս (Մատեո Կովաչիչ, 84), Լուկա Մոդրիչ, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու (Մարկո Ասենսիո, 46), Քարիմ Բենզեմա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում