15:03  ,  4 մայիսի, 2018

ԵԱ․ Հայաստանի ներկայացուցիչները չհաղթահարեցին 1/4 եզրափակիչի արգելքը

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչներ, որոնք չկարողացան հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը։

57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում ռումինացի Անդրեյ Դուկովի նկատմամբ վստահ հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ 0։10 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող վրացի Գեորգի Էդիշերաշվիլուն։ Եթե Էդիշերաշվիլին նվաճի եզրափակիչի ուղեգիր, հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակիչում մեկնակեց Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիի հետ գոտեմարտով եւ համառ պայքարում պարտվեց 0։3 հաշվով։ Կիսաեզրափակիչում վրացի ըմբիշը 0։6 հաշվով պարտվեց ռուս Իլյաս Բեկբուլատովին, ինչից հետո Ֆրանգուլյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը եւս մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ ժամանակից շուտ 10։0 հաշվով հաղթելով ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտներին: Քառորդ եզրափակիչում Մարգարյանն ուժերը չափեց ռուսաստանցի Մոգամեդ Կուրբանալիեւի հետ եւ պարտվեց 6։9 հաշվով։ Եթե ռուսաստանցի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Մարգարյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար

79 կգ քաշային Վարուժան Կաջոյանը մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ 10։0 հաշվով հաղթել էր ֆինն Հենրի Ալեկսի Սելենիուսին, սակայն հաջորդ փուլում 1։6 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Ջաբրիալ Հասանովից։ Եթե ադրբեջանցի ըմբիշը հասնի եզրափակիչ, Կաջոյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

97 կգ քաշային կարգում Գեորգի Կետոեւը պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ 0։3 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի Նուրմագոմեդ Գաջիեւին: Եթե դաղստանցի ըմբիշը հաղթի նաեւ կիսաեզրափակիչում, Գեորգի Կետոեւը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեկնել են նաեւ Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն մայիսի 5-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել էր 2 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմի կազմում հանդես էին եկել նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), որոնք մեդալ չէին նվաճել:

Եվրոպայի առաջնությանն անցկացվում է նոր կանոնակարգով, եւ ըմբիշները կշռվում են մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս