11:30  ,  4 մայիսի, 2018

Եվրոպայի առաջնություն. Պայքարը սկսում է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մայիսի 4-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականն առաջին օրն ունի 5 ներկայացուցիչ:

57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով ռումինացի Անդրեյ Դուկովի հետ:

65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիի հետ:

70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը եւս պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ հանդիպելով ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտների հետ:

79 կգ քաշային Վարուժան Կաջոյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի ֆինն Հենրի Ալեկսի Սելենիուսը:

97 կգ քաշային կարգում Գեորգի Կետոեւը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի Նուրմագոմեդ Գաջիեւի հետ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեկնել են նաեւ Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն մայիսի 5-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել էր 2 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմի կազմում հանդես էին եկել նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), որոնք մեդալ չէին նվաճել:

Եվրոպայի առաջնությանն անցկացվում է նոր կանոնակարգով, եւ ըմբիշները կշռվում են մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում