09:33  ,  4 մայիսի, 2018

Արսեն Վենգեր. Կարծում եմ՝ «Աթլետիկոն» կհաղթի Եվրոպայի լիգայում

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում: Եզրափակիչում իսպանական ակումբը կմրցի ֆրանսիական «Մարսելի» հետ:

«Ստացվեց ինտենսիվ խաղ, եւ «Արսենալը» ներդրեց բոլոր ուժերը: Շնորհավորանքներս «Աթլետիկոյին»: Կարծում եմ՝ նրանք կհաղթեն այս մրցաշարը: «Արսենալին» այսօր ինչ-որ բան չբավականացրեց խաղի եզրափակիչ մասում: Մենք կարող ենք վշտանալ, եթե նայենք այս 2 խաղերում չիրացված գոլային պահերի քանակին: «Աթլետիկոն» լավ պաշտպանությամբ թիմ է: Գոդինը բարձրից փոխանցումներից հետո 5 կամ 6 անգամ փրկեց իր թիմին գոլին:

Դիեգո Կոստան մնում է Դիեգո Կոստա: Հենց դրա համար է նա համարվում աշխարհի լավագույն հարձակվողներից: Ես շատ վշտացած եմ ու հիասթափված: Բարդ է պարտությունն ընդունել 180 րոպե այսպիսի խաղ ցուցադրելուց հետո: Այժմ ակումբին անհրաժեշտ է մտածել, թե ինչ պետք է անի հաջորդ մրցաշրջանում: Ես շատ զայրացած եմ: Ցավոք, ստիպված ես լինում վերապրել այսպիսի պահեր: Ֆուտբոլը դաժան է: Այն տալիս է հաճելի պահեր, սակայն երբեմն լինում են նաեւ հիասթափություններ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում «Արսենալը» պարտվել էր նվազագույն հաշվով եւ լքել պայքարը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում փոխարինման էր դուրս եկել 68-րդ րոպեին: Լոնդոնում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից, որի հետ այդպես էլ չկարողացավ տիտղոս նվաճել եվրագավաթներում:

68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով