10:41  ,  4 մայիսի, 2018

Հաբեթնակ Կուրղինյան. Ազատ ոճի ըմբիշներից յուրաքանչյուրն էլ ունի մեդալ նվաճելու մեծ հնարավորություն

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է Եվրոպայի առաջնության մրցագորգ դուրս գալուն: Ըմբիշներից յուրաքանչյուրն էլ ունի մեդալ նվաճելու մեծ հնարավորություններ: Այն կազմը, որով այսօր Եվրոպայի մրցագորգ ենք դուրս գալու, Օլիմպիական խաղերում հիմնական կորիզն է լինելու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մայիսի 4-6-ը պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները: Հայաստանը հանդես կգա ամբողջական կազմով:  

Պարոն Կուրղինյան, Ձեր գլխավորած թիմը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում: Ինչպե՞ս ընտրվեց կազմը Եվրոպայի առաջնության համար:

Կազմն ընտրվեց Հայաստանի առաջնության արդյունքներով: Ես նախապես հայտարարել էի, որ Եվրոպայի առաջնությունում մասնակցելու հնարավորություն կստանան Հայաստանի առաջնությունում հաղթողները: Այդպես ձեւավորվեց Եվրոպայի առաջնության կազմը՝ 57 կգ՝ Միհրան Ջաբուրյան, 61 կգ՝ Գարիկ Բարսեղյան, 65 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 79 կգ՝ Վարուժան Կաջոյան, 86 կգ՝ Մարզպետ Գալստյան, 92 կգ՝ Շամիր Աթյան, 97 կգ՝ Գեորգի Կետոեւ եւ 125 կգ՝ Լեւան Բերիանիձե:

Ինչպե՞ս կգնահատեք թիմի պատրաստվածությունը եւ ի՞նչ սպասելիքներ ունեք:

Ես մշտապես խուսափել եմ կանխագուշակումներ անել, սպասելիքներից խոսել: Սպասելիքներ կան: Տղաների մարզավիճակը լավ է ընդհանուր առմամբ, վնասվածքներ չունեն, տրամադրված են մարտական, ըմբիշների բարոյահոգեբանական վիճակն էլ գնահատում եմ լավ: Թե այսքանով հանդերձ ինչ արդյունքներ եւ մեդալներ կունենանք, ժամանակը եւ մրցագորգը ցույց կտա:

Ի՞նչ նոր փորձարկումներ կլինեն Եվրոպայի առաջնությունում:

Կազմում կան նորեկներ: Ըստ նոր կանոնակարգի, թիմերը հանդես են գալու 10 քաշային կարգերում: Ավելացել են 79 եւ 92 կգ քաշային կարգերը: 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանի համար սա կլինի վերադարձ մրցագորգ: Նա մասնակցել էր Լոնդոնի Օլիմպիական խաղերին, որից հետո 2 տարի դադար տվեց: Հիմա նորից վերադարձել է: Հաղթեց Հայաստանի առաջնությունում: Նորմալ մարզավիճակում է: Ջաբուրյանը փորձառու մարզիկ է եւ ակնկալիքներ նրանից ունենք: 61 կգ քաշայի Գարիկ Բարսեղյանի համար սա նոր քաշային կարգ է, եւ նա իրեն պետք է փորձի այս քաշային կարգում: Այժմ մրցակցային կարգը փոխվել է, եւ մարզիկները հենց մրցելույթի օրը պետք է կանգնեն կշեռքին: Բարսեղյանը Եվրոպայի մրցանակակիր է, փորձառու մարզիկ է,  եւ կարծում եմ՝ այս քաշային կարգում նա լավ կմասնակցի: Ես հույս ունեմ եւ հավատում եմ Բարսեղյանին, որ նա կարող է լավ մասնակցել Եվրոպայի առաջնությունում եւ մեդալ նվաճել: Նույնը կասեմ Վալոդյա Ֆրանգուլյանի մասին. Նա էլ է նոր քաշային կարգում հանդես գալու: Վալոդյան նույնպես փորձառու է, Եվրոպայի առաջնության 2017 թվականի բրոնզե մեդալակիր է: Հույս ունեմ, որ նա նույնպես նոր քաշային կարգում իրեն լավ կզգա եւ մեդալ կնվաճի: 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանն անծանոթ ըմբիշ չէ. Հայաստանի բազմակի չեմպիոն է, բազմիցս մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, միայն թե նրան չի հաջողվել մեդալ նվաճել: Հուսով ենք, որ այս անգամ նրան կհաջողվի մեդալ նվաճել: 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը Եվրոպայի փոխչեմպիոն է, բրոնզե մեդալակիր: Կրկին փորձառու մարզիկ եւ կրկին հավատում եմ, ինչպե Վալոդյա Ֆրանգուլյանին, որ նա լավ հանդե կգա եւ մեդալային պայքարում իր հնարավորությունների առավելագույնով կպայքարի, մեդալ կնվաճի Հայաստանի համար:  79 կգ քաշային կարգն է մեզ համար նոր փորձարկում: Առաջին անգամ այս քաշային կարգում մեծահասակների կազմում հանդես կգա Վարուժան Կաջոյանը: Նա եղել է 2017 թվականի Ֆրանկոֆոնյան երկրների խաղերի մրցանակակիր: Կտեսնենք, թե նա ինչպես կդրսեւորի իրեն: Կուզեի, որ նա մեդալ նվաճեր, եւ այնպես չի, որ չունի հնարավորություն: Գորգը ցույց կտա: Նորեկ ունենք նաեւ 86 կգ քաշային կարգում՝ Մարզպետ Գալստյան: Երիտասարդ ըմբիշ է, Հայաստանի չեմպիոն: Մի քանի մրցաշարերի մասնակցել է եւ չեմ կարող կանխատեսել, թե ինչպես իրեն կդրսեւորի Եվրոպայի առաջնությունում: Ամեն դեպքում նա նորեկ է թիմում, իսկ թիմում նորեկներ էլ են պետք: 92 կգ քաշում եւս փորձառու ըմբիշով ենք մասնակցում՝ Շամիր Աթյան: Նա մի քանի անգամ մասնկցել է Եվրոպայի առաջնությանը, մեկ անգամ 5-րդ տեղ է զբաղեցրել: Իսկ արդեն ծան քաշային կարգերում մեր թիմի ավագներն են, ամենափորձառուները՝ Գեւորգի Կետոեւ եւ Լեւան Բերիանիձե:

Թիմում, ամենակարեւորը, լավ տրամարդություն կա եւ հաղթելու մեծ ձգտում:

Ծանր քաշում Հայաստանի հավաքականում Գեւորգի Կեւտոեւին եւ Լեւան Բերիանիձեւին փոխարինողներ ունե՞նք:

Ոչ, չունենք: Ծանր քաշում մեր ըմբիշները, ցավոք, միայն նրանք են: Երկար տարիներ ծանր քաշային կարգերում մենք չենք ունեցել փոխարինողներ: Խնդիրը քաշն է: Մեր ազգն ավելի հակված է ավելի շատ միջին քաշային կարգերին, երեւի հենց այդ պատճառով բարձրակարգ մարզիկներ ունեցել ենք թեթեւ եւ միջին քաշերում: Այս քաշերում մեր մարզիկներն արժանի փոխարինողներ ունենալու համար մեծ ռեսուրսի ծավալուն աշխատանք է պետք կատարել: 

Պարոն Կուրղինյան, Ձեր խոսքում գրեթե բոլոր քաշային կարգերում մեդալի հույսեր ունեք: Ամեն դեպքում, ումի՞ց եք այս Եվրոպայի առաջնություն մեդալ սպասում:

Ես ինչպես սպորտում, այնպես էլ կյանքում առանց ակնկալիքներ եմ ապրում: Ակնկալիքներ, կանխավ սպասելիքներ չեմ ունենում, այլ դրան հակառակ իմ աշխատանքն եմ կատարում, որեւէ մեկից որեւէ բան չակնկալելով, որ չհիասթափվեմ: Իրականում այնպես է՝ ցանկացած ակնկալում, սպասում բերում է հիասթափության: Չեմ ցանկանում տղաներից որեւէ մեկին առանձնացնել: Եվրոպայի մրցագորգը ցույց կտա: Մենք աշխատում ենք ամեն օր, քրտնաջան, մնացածը, արդյունքները ժամանակն է որոշում:

Հաղթանակները կերտում են ոչ միայն քրտնաջան ամենօրյա աշխատանքները, մարզումները, այլեւ վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Ազատ ոճի Հայաստանի հավաքականը պարբերաբար համեմատվում է հունահռոմեականների հետ եւ քննադատվում մեդալների բացակայության պատճառով: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննադատություններին:

Ամենակարեւորը ներքին հավատն է, որ պետք է ունենա մարզիկը: Մեր թիմում այդ վստահությունը կա, գոյություն ունի յուրաքանչյուրի մոտ: Նաեւ ես ունեմ այդ վստահությունը, որ իմ մարզիկները վստահում են, որ ես իրենց հավատում եմ: Թիմում կա փոխվստահություն:

Մշտապես համեմատում են հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտը: Բայց իրականում այս երկուսը իրարից շատ տարբեր մարզաձեւեր են: Ստացվել է այնպես, որ հունահռոմեականներում հաջողությունները մեզանից առավել են: Խնդիրը գալիս է նախ հայկական մենթալիտետից, քանի որ այդ գիտակցությունը, որ այս երկու մարզաձեւերը խիստ տարբեր են իրարից, դեռ չի ընդունվում հայ հասարակությունում: Սխալ եմ համարում այս երկու մարզաձեւերը համեմատելը: Հանրությունը գնահատում է զուտ արդյունքներով, բայց սա եւս սխալ մոտեցում է: Ես չէի ցանկանա համեմատել հունահռոմեականն ու ազատ ոճը եւ չէի էլ ցանկանա համեմատվել:

Պարոն Կուրղինայն, Դուք հավաքականը գլխավորեցիք օլիմպիական շրջափուլի հենց մեկնարկին: Ձեր առջեւ ի՞նչ խնդիր եք դրել:

Յուրաքանչյուր մարզաձեւի եւ մարզիկի համար մարզական կարիերայում գլխավոր նպատակն Օլիմպիական խաղերն են: Իմ առջեւ խնդիր եմ դրել այն թիմը, որն այժմ ունեմ, պատրաստեմ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի համար: Թիմի այս կորիզը կպահպանվի եւ հենց այս կազմով կգնանք դեպի Օլիմպիական խաղեր: Երբ ստանձնում էի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը չէի պատկերացնում, որ իրականում ամեն ինչ այն չէ, ինչպես դու ես պատկերացնում, մինչեւ չես ապրում այդ ամենը: Բարդ է գլխավորել հավաքական թիմ, յուրաքանչյուր մարզիկի ամբիցիաների հետ պետք է հաշվի նստես, մեծ պատասխանատվություն ես կրում ուսերիդ՝ լինելով ավագ մարզիչ: Բայց մինչ օրս չի եղել մի պահ, որ ցանկանամ՝ որեւէ մեկն ինձ փոխարինի, թողնեմ գլխավոր մարզիչի պաշտոնը: Լավ թիմ ունենք ինչպես մարզիկների, այնպես էլ մարզիչների, եւ միասին հաճույքով աշխատում ենք, մինչեւ բոլորիս մեկ նպատակը իրականանա Օլիմպիական խաղերում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով