16:02  ,  3 մայիսի, 2018

Գագիկ Ծառուկյան. Սա հիմնական աշխատանքի արդյունքն է (ֆոտո)

Եվրոպայի առաջնությունից վերադարձած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականին մայիսի 3-ին դիմավորելու էր եկել նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Զվարթնոց» օդանավակայանում Գագիկ Ծառուկյանը խոսեց հայ ըմբիշների հաջող ելույթների մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը

«Այս հաղթանակներն ուրախացրին ոչ միայն ինձ, այլեւ ամբողջ աշխարհի հայությանը: Այսօր բոլորը գիտեն, որ մենք մեր աշխատանքով հասել ենք դրան: Հպարտանալու առիթ է տալիս յուրաքանչյուր հայի, որ մեր հսկաները Օլիմպիական խաղերից, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից վերադառնում են ոսկե մեդալներով եւ հնչեցնում Հայաստանի հիմնը։ Ցանկացած հայ հպարտանում իր ազգի հերոսներով ու չեմպիոններով: Հալալ է նրանց ու իրենց ծնողներին, որ այսպիսի ժառանգներ են տվել:

Սա հիմնական աշխատանքի արդյունքն է, ստեղծվել են պայմանները, որ կարող են ազատ մարզվել, մասնակցել, չեմպիոն դառնալ: Իհարկե, մենք դեռ շատ բան ունենք անելու, որովհետեւ, եթե այստեղ կանգնենք, հաջորդ անգամ այսպիսի հաղթանակներ չենք ունենա: Այնպես որ, անհնարին ոչինչ չկա: Հարկավոր է ցանկացած ոլորտում պայման ստեղծել, հնարավորություն տալ ժողովրդին, եւ ամեն ոլորտում էլ մենք չեմպիոններ կունենանք, զարգացում կլինի, մեր ժողովուրդն էլ բարեկեցիկ կյանքով կապրի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեցին Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս