00:36  ,  3 մայիսի, 2018

ՉԼ. «Լիվերպուլը» եզրափակիչում է (տեսանյութ)

Եվրոպական չեմպիոնների հնգակի գավաթակիր «Լիվերպուլը» 11 տարի անց դարձյալ կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պայքարից դուրս թողեց «Ռոմային», որը կիսաեզրափակիչի պատասխան խաղում հաղթեց 4:2 հաշվով (տեսանյութ):

Իտալիայի մայրաքաղաքի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման արդեն 9-րդ րոպեին «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի փոխանցումից հետո:

15-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները, սակայն մինչեւ ընդմիջում հյուրերը վերականգնեցին երկու գնդակի առավելությունը հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումի գոլի շնորհիվ:

Ընդմիջումից հետո «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն խփեց դաշտի տերերի երկրորդ գոլը,  վերջնամասում աչքի ընկավ բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը, իսկ ավելացված ժամանակում էլ դիպուկ իրացրեց «Լիվերպուլի» դարպասին նշանակած 11 մետրանոցը,  սակայն իտալացի Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի գլխավորած թիմն ավելին անել չկարողացավ՝ 4:2:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Լիվերպուլը» Անգլիայում հաղթել էր 5:2 հաշվով:

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր Մադրիդի «Ռեալը», որը դուրս է թողել Մյունխենի «Բավարիային» (2:1, 2:2): Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Կիեւում:

Նախորդ անգամ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղացել է 2007 թվականին՝ պարտվելով իտալական «Միլանին», որին հաղթել էր 2005-ի եզրափակիչում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռոմա» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 4:2

Ջեյմս Միլներ, 15, ինքնագոլ, Էդին Ջեկո, 52, Ռաջա Նաինգոլան, 86, 90+3, 11մ – Սադիո Մանե, 9, Ժորժինյո Վեյնալդում, 25

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս