15:53  ,  1 մայիսի, 2018

Վանես Մարտիրոսյան. Մեր մենամարտը շատ բան կասի Գոլովկինի մասին

Ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինի հետ մենամարտի մասին:

«Գոլովկինը «կհամտեսի» իմ աջից հարվածը: Տեսնենք, թե ինչից է պատրաստված Գենադին: Հետո ես աջից կհարվածեմ նորից ու նորից: Գիտեմ, որ նա պատրաստվում է առաջ շարժվել, սակայն ես չեմ վախենում բաց թողնել նրա հարվածները: Ես տեսել եմ, որ մինչեւ այս ոչ ոք չի ունեցել նրա հետ մարտնչելու քաջություն ու նրա հարվածներին պատասխանելու համարձակություն:

Ես այն բռնցքամարտիկն եմ, որը կանի դա: Մեր մենամարտը շատ բան կասի Գոլովկինի մասին: Մենք կտեսնենք, թե ինչպես է նա մենամարտում ու պատասխանում այն բռնցքամարտիկների հետ, որոնք չեն վախենում մտնել կոշտ պայքարի մեջ»,- Մարտիրոսյանի խոսքը մեջբերում է Boxingnews24-ը:

Հիշեցնենք, որ 36-ամյա Գոլովկինի եւ 31-ամյա Մարտիրոսյանի միջեւ մենամարտը տեղի կունենա մայիսի 5-ին Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում, որն ունի մոտ 8 հազար նստարան:

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում