00:36  ,  30 ապրիլի, 2018

Մեսիի հեթ-տրիկն ապահովեց «Բարսելոնայի» չեմպիոնությունը (տեսանյութ)

«Բարսելոնան» ժամանակից շուտ ապահովեց ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ):

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում կատալոնական ակումբը 4:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» նկատմամբ եւ անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյի» համար:

Բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» 2 գոլի առավելություն էր ստացել առաջին խաղակեսում, սակայն դաշտի տերերը մինչեւ 64-րդ րոպեն հավասարեցրին հաշիվը: Հյուրերին հաղթանակ պարգեւեց Լիոնել Մեսին, որը վերջնամասում խփեց եւս 2 գոլ՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

30-ամյա Մեսին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը նվազագույնը 30 գոլլի հեղինակ է դառնում Պրիմերայի 7 մրցաշրջաններում:

 «Բարսելոնան» վաստակեց 86 միավոր եւ 11 միավոր առաջ անցավ «Աթլետիկոյից», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել: Երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալն» ունի 71 միավոր:

Այս պարտությունից հետո «Դեպորտիվոն» կորցրեց տեղը Պրիմերայում պահպանելու հնարավորությունից եւ 5 տարի անց կվերադառնա Սեգունդա:

«Բարսելոնան» Իսպանիայի չեմպիոն դարձավ 25-րդ անգամ: Այս մրցաշրջանում չեմպիոնի տիտղոսը չկարողացավ պաշտպանել Մադրիդի «Ռեալը», որը Իսպանիայի առաջնությունում հաղթել է ռեկորդային 33 անգամ: Այս մրցաշրջանում «Բարսելոնան» դարձել էր նաեւ Իսպանիայի գավաթակիր:

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Դեպորտիվո» - «Բարսելոնա»՝ 2:4

Լուկաս Պերես, 40, Էմրե Ցոլակ, 64 – Ֆելիպե Կոուտինյո, 7, Լիոնել Մեսի, 38, 82, 85

«Վալենսիա» - «Էյբար»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս