23:37  ,  28 ապրիլի, 2018

Ֆերդինանդ Կարապետյան. Շատ ուրախ եմ, որ երկրիս համար հենց այս դժվար շրջանում կարողացա հաղթանակ տոնել

Ադրբեջանցի մարզիկի ականջին ասացի, որ չխառնի սպորտն ու քաղաքականությունը, ինչին ի պատասխան նա լուռ գլխով արեց: Այս հաղթանակը նվիրում եմ իմ հաղթանակած ազգին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Եվրոպայի նորընծա չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը:

Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում 26-ամյա Կարապետյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից եւ, հաղթելով լիտվացի, էստոնացի, ուկրաինացի ու շվեդ ձյուդոիստների, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է եղել ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովից:

Ֆերդինանդ, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս քեզ հաջողվեց 13 տարվա դադարից հետո ձյուդոյի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը բերել Հայաստան:

Դեռ, կարծես, չեմ գիտակցում, որ Եվրոպայի չեմպիոն եմ դարձել, որ իմ երկրի համար նվաճել եմ այդ տիտղոսը: Վերջին անգամ Հայաստանը ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն ունեցել էր 2005 թվականին ի դեմս մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի: Ու հասկանում եմ, որ այս տարիների դադարից հետո հայկական ձյուդոյի, հայկական սպորտի համար սա պատմություն է լինելու:

Շատ ուրախ եմ, որ երկրիս, հայ ժողովրդիս համար հենց այս դժվար շրջանում կարողացա հաղթանակ տոնել: Այս հաղթանակն ինձ համար առանձնահատուկ է նաեւ նրանով, որ ես Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդիպեցի 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի ձյուդոիստին եւ նրա հանդեպ տարածս հաղթանակն ինձ եւ Հայաստանին նվիրեց Եվրոպայի ոսկե մեդալը:

Ի՞նչ զգացողություններ ապրեցիր, երբ կանգնած էիր պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:

Աննկարագրևելի զգացողություններ ապրեցի պարգեւատրման ժամանակ: Երկար էի երազել այդ պահի մասին, որ ես պարգեւատրվեմ որպես չեմպիոն, իսկ ամենավերեւում բարձրանա Հայաստանի եռագույնը: Ադրբեջանցի ձյուդոիստը պատվո հարթակի երկրորդ աստիճանին էր, իսկ մյուս կողմս՝ 3-րդ աստիճանին թուրք մարզիկն էր: Այսինքն՝ ես ամենաբարձր աստիճանին՝ երկու կողմերում հարեւան պետությունները: Ես կանգնած նայում էի շուրջս եւ այնքան հաճելի էր այդ պահը, բոլորը նայում են: Սա եւս մեկ պատմություն է:

Իսկ ինչո՞ւ էր  ադրբեջանցի մարզիկը հեռու կանգնել պատվո հարթակից, հաղթանակի հետ կապված անհամաձայնություն կա՞ր:

Ոչ: Դա նրանց քաղաքականությունն է, նրանց ձեւը: Միշտ ադրբեջանցի մարզիկներն այդպես հեռու եւ անկախ են կանգնում, պատվո հարթակներին, երբ աստիճաններից մեկին հայ մարզիկ է լինում: Իրականում չգիտեմ՝ ինչու է այդպես, գուցե լուսանկարների համար, հեռուստատեսության համար, գուցե վախենում են՝ իրենց երկրում  նկատողություն անեն...: Ադրբեջանցի մարզիկը չէր ցանկանում կանգնել ընդհանուր լուսանկարվելու համար, ինչն ընդունված է բոլոր առաջնություններում պարգեւատրման արարողություններից հետո: Նա ոչ մի կերպ չէր համաձայնվում կանգնել եւ լուսանկարվել, ամբողջ դահլիճը սկսեց սուլել նրան: Նա մի փոքր առաջ եկավ, ես նրա ականջին ասացի՝ լսի, սա սպորտ է, սա քաղաքականություն չէ, մի խառնիր: Նա գլխով արեց եւ կանգնեց լուսանկարվելու:

Ի՞նչ կասես Եվրոպայի առաջնության մրցակցության մասին: Բարդ տրվե՞ց քեզ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Շատ մեծ մրցակցություն կար: Պայքարի մեջ էին օլիմպիական չեմպիոններ, աշխարհի չեմպիոններ, ինչպես արդեն նշեցի ադրբեջանցի ձյուդոիստը անցած տարվա Եվրոպայի չեմպիոնն էր: Վարկանիշային աղյուսակում, եթե չեմ սխալվում 3-րդն է մեր քաշային կարգում: Բարդ պայքար էր, բոլոր մրցակիցներս էլ ուժեղ էին, եւ որեւէ մեկը չէր ցանկանում պարտվել: Նույն ադրբեջանցին շատ ուժեղ եւ ճկուն մարզիկ էր: Բայց մենք նրանց բոլորին հաղթեցին եւ մեզ հաջողվեց նվաճել ոսկե մեդալը:

Սպասո՞ւմ էիր, հավատո՞ւմ էիր, որ կհաջողվի հաղթել:

Ես միշտ, յուրաքանչյուր մրցման՝ լինի դա Հայաստանի առաջնություն, Եվրոպա, աշխարհ, գնում եմ միայն ոսկե մեդալի հետեւից: Այսինքն՝ նպատակս լինում է միայն հաղթելը: Բայց, հասկանալի է, որ ամեն անգամ չի հաջողվում: Այս Եվրոպայի առաջնությունն էլ բացառություն չէր՝ ես պատրաստ էի հաղթանակի, ես շատ լավ մարզումային փուլ էի անցել, եւ ես միշտ հավատացել եմ ինքս ինձ, որ մի օր ինձ հաջողվելու է չեմպիոնական տիտղոսով վերադառնալ հայրենիք: Ես իմ ուժերին եմ հավատում եւ գիտեմ, որ մյուսներից վատը չեմ, եւ չեմ զիջում ոչնչով, ուղղակի պետք է շատ աշխատել, մարզվել եւ ձգտել այդ հաղթանակին:

Ու՞մ ես նվիրում հաղթանակդ:

Նվիրում եմ հայ ժողովդրին, մեր հաղթանակ մեծ ազգին եւ, իհարկե, ընտանիքիս: Երեկ, երբ ավարտվեց մրցումը, պարգեւատրման արարողությունը, դրանից հետո մեզ միացավ հայկական համայնքը: Մենք բոլորով գնացինք տեղի հայկական եկեղեցի, արդեն բավական ուշ ժամ էր, բայց մեզ ընդունեց եկեղեցու հայ հոգեւոր սպասավորը, աղոթք կարդացինք, նա մեզ օրհնեց: Հետո զրուցեցինք տեղի հայերի հետ: Հետաքրքիր եւ առանձնահատուկ եղավ ամեն ինչ: Իսկ այսօր, մեկնելուց առաջ եղանք նաեւ Երուսաղեմում: Կարծում եմ, յուրաքանչյուր հայ լինելով Երուսաղեմում եւս մեկ անգամ կհպարտանա, որ հայ է: Ամեն ինչ այնքան գեղեցիկ է, ամեն ինչ  գրված հայերենով, շուրջդ միլիոնավոր տուրիստներ են եւ տեսնում են այդ ամենը. ուղղակի հաճույք է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով