10:04  ,  28 ապրիլի, 2018

Exclusive. Ուլի Վեգներ. Ես եւ Արթուր Աբրահամը պետք է չեմպիոնի տիտղոսով հեռանանք

Ցանկանում եմ, որ Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգից հեռանա որպես չեմպիոն: Երբ նա հեռանա, ես նույնպես նրա հետ կհեռանամ, իսկ առայժմ չեմ ցանկանում նրան մենակ թողնել, թեեւ արդեն 76 տարեկան եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի անձնական մարզիչ Ուլի Վեգները:

Ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում տեղի կունենա Արթուր Աբրահամ (46-6-0, 30 նոկաուտ) - Պատրիկ Նիլսեն (29-2, 14 նոկաուտ) մենամարտը:

Ապրիլի 26-ին կայացել է բռնցքամարտիկների «հայացքների մենամարտը»: Մրցակիցները լրագրողների հետ խոսել են նաեւ առաջիկա մենամարտի մասին: Ուլի Վեգներն այդ օրը տոնել է ծննդյան 76-ամյակը:

Պարոն Վեգներ, նախ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան կապակցությամբ։ Դուք Ձեր կյանքի մեծ մասը նվիրել եք պրոֆեսիոնալ սպորտին։ Ինչպիսի՞ն է եղել Ձեր մուտքը պրոֆեսիոնալ բռնցքամարտ որպես մարզիչ։

Ես շատ վաղ տարիքում եմ լքել պրոֆեսիոնալ սպորտը որպես մարզիկ: Ես բավական երիտասարդ տարիքում անցա մարզչության: Երիտասարդ տարիներին բռնցքամարտով էի զբաղվում, բայց առանձնապես մեծ հաջողություններ չեմ ունեցել, չի ստացվել մեծ նվաճումների հասնել, այդ պատճառով որոշեցի զբաղվել մարզչությամբ: Նորմալ բռնցքամարտիկ եմ եղել, բայց ոչ շատ ուժեղ: Եվ հենց դա էր պատճառը, որ վաղ տարիքից անցա մարզիչի աշխատանքի: 28 տարեկան էի, երբ դարձա իմ անձնական մարզիչի օգնականը: Այդտեղից էլ սկսվեց մարզչական կարիերաս:

Երկար տարիներ աշխատում եք Արթուր Աբրահամի հետ։ Ինչո՞վ նա գրավեց Ձեր ուշադրությունը, եւ ո՞րն է ձեր երկարատեւ հաջող համագործակցության գաղտնիքը։

Արթուր Աբրահամին ճանաչում եմ 2003 թվականից: Այդ ժամանակ նա եկել էր մեզ մոտ փորձնական մարզումների: Առաջին անգամ նրան այդ մարզումների ժամանակ տեսա: Եկել էր եղբոր՝ Ալեքսի հետ: Հետեւեցի նրանց մարզումներին եւ անմիջապես նկատեցի Արթուր Աբրահամի տաղանդը: Հենց այդ առաջին հադիպումից համաձայնության եկանք Արթուրի հետ, որ իրենք պայմանագրով հանդես գան մեր ակումբում եւ ես զբաղվեմ նրանց մարզչությամբ: Ես նրանց վերցրի իմ թիմ եւ վստահ էի, որ Արթուր Աբրահամը կդառնա հրաշալի բռնցքամարտիկ: Եվ այդպես էլ եղավ, իմ ներքին ձայնն ինձ չխաբեց: Սակայն ավելին չեմ կարող ասել, քանի որ գաղտնիք է, իսկ այդ գաղտնիքները միայն իմն են:

Ապրիլի 28-ին Արթուր Աբրահամ - Պատրիկ Նիլսեն մենամարտն է։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք առաջիկա մենամարտի հետ կապված։ Ինչպիսի՞ մրցակից է Նիլսենը, եւ որքա՞ն կգնահատեք Արթուր Աբրահամի հնարավորությունները։

Ես վստահ եմ, որ առաջիկա մենամարտում Արթուր Աբրահամը կհաղթի, քանի որ նա ավելի շատ փորձ ունի, քան Պատրիկ Նիլսենը: Բայց սրանով ես չեմ թերագնահատում մեր մրցակցին: Վաղվա մենամարտը մեզ համար նորմալ, ոչ լարված, հերթական մենամարտերից է լինելու, քանի որ ես եւ Արթուր Աբրահամը պատրաստվում ենք ավելին մեծ մենամարտերի:

Արթուրի մենամարտերից առաջ հուզմունք կամ անհանգստություն ունենո՞ւմ եք:

Ես յուրաքանչյուր մենամարտից առաջ էլ միշտ հուզվում եմ: Միշտ մանրամասն ուսումնասիրում եմ մեր մրցակցին, նայում են նրանց մենամարտերն ու միշտ անհանգստանում եմ մեր մենամարտերից առաջ: Բայց երբեք իմ հուզմունքն ու անհանգստությունը ցույց չեմ տալիս իմ սաներին, այդ թվում եւ Արթուր Աբրահամին, որպեսզի նրանք ռինգում կարողանան լավ արդյունք ցույց տալ: Իսկ եթե լավ մենամարտեր չեն անցկացնում, զայրանում եմ նրանց վրա, որպեսզի հաջորդ մենամարտերում ավելի լավ արդյունքներ ցույց տան: Բայց այս ամենի արդյունքում իմ սաների հետ մենք դառնում ենք ընկերներ, ինչպես Արթուր Աբրահամի հետ:

Պարոն Վեգներ, Արթուր Աբրահամը մտածում է 1,5-2 տարուց պրոֆեսիոնալ ռինգը թողնելու մասին։ Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել King Artur-ի հեռանալը։

Մինչեւ ռինգից Արթուր Աբրահամի հեռանալը, գուցե ես ավելի շուտ հեռանամ... Արդեն 76 տարեկան դարձա: Որոշել եմ, որ մարզչական կարիերաս կավարտեմ այն ժամանակ, երբ Արթուր Աբրահամը որոշի հեռանալ ռինգից. ես էլ նրա հետ կհեռանամ մեծ սպորտից: Չեմ ցանկանում իմ աշակերտին մենակ թողնել:

Ուզում եմ, որ Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգից հեռանա որպես աշխարհի չեմպիոն:  Այդպիսին կուզեի տեսնել նրա մարզական կարիերայի ավարտը, քանի որ նրա չեմպիոնական տիտղոսը նույն իմ տիտղոսն է. երկուսս էլ պետք է չեմպիոնի տիտղոսով հեռանանք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով