01:15  ,  28 ապրիլի, 2018

Ֆերդինանդ Կարապետյանը եզրափակիչում հաղթել է ադրբեջանցու եւ դարձել Եվրոպայի չեմպիոն (ֆոտոշարք)

Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է ձյուդոյի 2018թ. Եվրոպայի չեմպիոն:

Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում 26-ամյա Կարապետյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից եւ, հաղթելով լիտվացի, էստոնացի, ուկրաինացի ու շվեդ ձյուդոիստների, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովից:

Կարապետյանը կրկնել է ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի հաջողությունը՝ 13 տարի անց դառնալով Եվրոպայի չեմպիոն: 2005-ին Նազարյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել Հոլանդիայում կայացած առաջնությունում:

73 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Արսեն Ղազարյանը, որը 2 հաղթանակ տանելուց հետո պարտություն է կրել, բայց հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ղազարյանը հաղթել է առաջին սփոփիչ գոտեմարտում, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտություն է կրել ու գրավել 5-րդ տեղը:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 44 երկրների 368 մարզիկներ:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Ֆերդինանդ Կարապետյանն արծաթե մեդալակիր էր դարձել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում, որի կիսաեզրափակիչում հաղթել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բազիլեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English