15:01  +04,  26 ապրիլի, 2018

Լեւոն Արոնյան. Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար՝ հետեւելով վերջին երկու շաբաթների իրադարձություններին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանում շարունակվող ընդդիմադիր շարժմանը:

«Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար՝ վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետեւելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը եւ իշխանության ցուցաբերած իմաստուն եւ հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Կան պահեր, երբ մարդկանց մի խումբ միմյանց հավատալով, ռիսկի է գնում ու հասնում հաջողության, հենց այսպես է հաջողության հասել շախմատի մեր թիմը նաև: Այս պահերին է, որ բոլոր կողմերից պահանջվում է բարձր պատասխանատվության զգացում:

Միանում եմ բոլորիդ Հայաստանում եւ սփյուռքում եւ հավատում, որ մեր նպատակներին հասնել կարելի է միայն խաղաղ եւ արժանապատիվ ճանապարհով: Եկեք զգուշանանք այնպիսի քայլերից, որոնք կարող է վտանգել են այն ամենը, ինչ մեր ժողովուրդը կառուցել է երկար տարիներ: Այո՛, մենք պետք է ավելին պահանջենք, այո՛, մենք կարող ենք ավելին ունենալ: Սակայն, այնպես ինչպես շախմատում, մեր ջանքերը պետք է լինեն համառ եւ գիտակից: Առողջ եւ մրցունակ տնտեսություն, պահանջարկ ունեցող աշխատուժ, օրենքի գերակայություն և հանրային ինստիտուտների ամրապնդումը, կանանց դերի եւ ազդեցության մեծացում մեր հասարակության մեջ, սրանք այն քայլերն են որոնք բերում են զարգացման: Եկեք քայլենք այդ ուղղությամբ:

Անչափ կարեւոր է սեփական իրավունքների հաստատումն ու կայացումը սկսել մեր իսկ պատասխանատու վերաբերմունքով: Այն սկսվում է յուրաքանչյուրիս մեկ քայլով` մաքուր փողոցներով, կանաչ այգիներով, մաքուր գետերով ու անտառներով: Նման պատասխանատվությամբ կկարողանանք մեր սերն ու երախտագիտությունն արտահայտել մեր երկրին եւ հողին:

Միասին մենք անհաղթ ենք: Աստված օրհնի Հայաստանը:

Լևոն Արոնյան
Երևան»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի առաջատար շախմատիստները, այդ թվում՝ Լեւոն Արոնյանը, հայտարարություն էին տարածել՝ իրենց աջակցությունը հայտնելով վարչապետի պաշտոնից հեռացած Սերժ Սարգսյանին։ Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ղեկավարն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...