09:40  ,  25 ապրիլի, 2018

Խորեն Բայրամյանը՝ խորհրդանշական հավաքականում

«Ռոստովի» ռուսաստանցի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը championat.com-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Այս տուրում «Ռոստովը» 1:1 հաշվով էր ավարտել Կազանի «Ռուբինի» դեմ արտագնա հանդիպումը, իսկ 26-ամյա Բայրամյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 74 րոպե:

«Առաջնության գարնանային հատվածի մեկնարկում Բայրամյանը «Ռոստովի» երրորդ ձախ պաշտպանն էր, սակայն վերջին խաղերում դարձել է գլխավորը: «Ռուբինի» դեմ խաղում նա հրաշալի էր պաշտպանվում (մենապայքարներում 79 տոկոս հաղթանակ), իսկ գրոհներին միանալիս ամենահամարձակն էր «Ռոստովի» կազմում: Նա 5 անգամ հաջողությամբ շրջանցեց մրցակցին: Դրան գումարեց բարձրից գերազանց փոխանցում Շոմուրոդովին, որի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին»,- Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստի մասին գրում է կայքը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Խորեն Բայրամյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Նախորդ տուրում նա գրավել էր «ԲՄԱ-Խաբարովսկի» դարպասը՝ խփելով առաջին գոլը Ռուսաստանի Պրեմյեր լիգայում, որում անցկացրել է 58 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս