20:09  ,  24 ապրիլի, 2018

France Football-ը ներողություն է խնդրել Անդրես Ինյեստայից

France Football-ը ներողություն է խնդրել «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստայից, որ նա կարիերայի ընթացքում այդպես էլ չի ստացել «Ոսկե գնդակ»: Այդ մասին գրել է պարբերականի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերերը թերթի հերթական համարում՝ հաջողություն մաղթելով Ինյեստային Իսպանիայի հավաքականի կազմում հունիս-հուլիսին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում: Հոդվածի վերնագիրն է՝ «Ներողություն, Անդրես»:

«Ոսկե գնդակ» ստանալուն Ինյեստան ամենամոտ եղել է 2010 թվականին, երբ նա Իսպանիայի հավաքականի հետ դարձավ աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչում խփելով հաղթական գոլը Հոլանդիայի հավաքականի դարպասը:

Սակայն Ինյեստան քվեարկության արդյունքում, գրավեց երկրորդ տեղը, իսկ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի այդ մրցանակը ստացավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում