16:44  ,  20 ապրիլի, 2018

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական չեմպիոնները

Երեւանի «Միկա» մարզադահլիճում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Երկօրյա պայքարում չեմպիոն են դարձել՝ Տիգրան Մինասյանը (55 կգ), Արարատ Մանուչարյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Կիրակոսյանը (67 կգ),Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Հովհաննես Հարությունյանը (82 կգ), Հակոբ Բաղդասարյանը (87 կգ), Ռազմիկ Խաչատրյանը (97 կգ) եւ Հակոբ Թադևսոսյանը (130 կգ):

ՀԸՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը նշել է, որ չնայած առաջնությանը մասնակցում էր շուրջ 150 ըմբիշ, սակայն միջին եւ բարձր քաշային կարգերում խնդիրներ կան: 

«Մրցաշարն առանց անակնկալների անցավ: Հաղթեցին ուժեղագույն մարզիկները: Սակայն պետք է նշեմ, որ միջին եւ դրանից բարձր քաշային կարգերում թերություններ ունենք: Պետք է շատ աշխատենք: Հակառակ դեպքում՝ միջազգային հարթակում մեծ ակնկալիքներ նրանից չենք կարող ունենալ:  Ապրիլի 23-ին հավաք ենք սկսելու Երեւանում, այնուհետեւ միջազգային մրցաշարերի ենք մասնակցելու Ղազախստանում եւ, հնարավոր է, Բաթումիում: Այդպիսով մոտենում ենք Եվրոպայի առաջնությանը»,- ասել է Բաբալարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում