13:36  ,  20 ապրիլի, 2018

Ալեքսանդր Գրիգորյան. Այս պահին ամենաշատը ցանկանում եմ լռել

Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է իր պաշտոնանկությունը:

«Դեռ առաջնությունից առաջ ես ցանկանում էի հանդիպել «Լուչ-Էներգիայի» երկրպագուների հետ, սակայն նրանք հրաժարվեցին: Նրանք փոխանցեցին, որ կտրականապես չեն ցանկանում խոսել որեւէ բանի մասին: Հենց սկզբից նրանց դիրքորոշումն էր վնասել ինձ եւ վերջ:

Հիմա ստացվում է, որ ինձ դեն նետեցին զուգարանակոնքի պես: Անհասկանալի է, թե ինչի համար էին հրավիրել: Ես վրդովված եմ այս կամայականություններից: Ոչինչ չունեմ ասելու: Ունեմ ցանկություն բղավելու եւ անպատվելու այս անարդարության վերաբերյալ: Սակայն, այս պահին ամենաշատը ցանկանում եմ լռել»,- ռուսաստանցի մասնագետի խոսքը մեջբերում է  «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանի եւ «Լուչ-Էներգիայի» երկրպագուների միջեւ հարաբերությունները լարված էին վերջին շրջանում: Վորոնեժի «Ֆակելի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 33-րդ տուրի խաղում «Լուչ-Էներգիայի» երկրպագուներից մեկը աքաղաղ էր նետել հայ մասնագետի վրա: Դրանից առաջ էլ Կրասնոյարսկի «Ենիսեյից» 0:1 հաշվով կրած տնային պարտությունից հետո Գրիգորյանը քննադատել էր թիմի երկրպագուներին՝ նրանց անվանելով ծաղրածու: Օրեր առաջ Գրիգորյանը ոստիկանություն էր դիմել երկրպագուների հետ կոնֆլիկտի պատճառով:

Ալեքսանդր Գրիգորյանը 2017-ի դեկտեմբերին էր վերադարձել «Լուչ-Էներգիա», որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2013-ի հունիսից 2014-ի դեկտեմբերը: Դրանից առաջ 2017-ին նա գլխավորել էր նաեւ Մոսկվայի «Արարատը» եւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Մախաչկալայի «Անժին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում