12:17  ,  20 ապրիլի, 2018

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Լուչ-Էներգիայից»

Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիան» խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ, հայտնում է ակումբի կայքը:

Ակումբի պաշտոնական հայտարարության համաձայն՝ նման որոշում է կայացվել անբավարար արդյունքների պատճառով: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի նախորդ 8 խաղերում «Լուչ-Էներգիան» վաստակել է 8 միավոր, ինչպես նաեւ դուրս մնացել Ռուսաստանի Գավաթից:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանի եւ «Լուչ-Էներգիայի» երկրպագուների միջեւ հարաբերությունները լարված էին վերջին շրջանում: Վորոնեժի «Ֆակելի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 33-րդ տուրի խաղում «Լուչ-Էներգիայի» երկրպագուներից մեկը աքաղաղ էր նետել հայ մասնագետի վրա: Դրանից առաջ էլ Կրասնոյարսկի «Ենիսեյից» 0:1 հաշվով կրած տնային պարտությունից հետո Գրիգորյանը քննադատել էր թիմի երկրպագուներին՝ նրանց անվանելով ծաղրածու: Օրեր առաջ Գրիգորյանը ոստիկանություն էր դիմել երկրպագուների հետ կոնֆլիկտի պատճառով:

Ալեքսանդր Գրիգորյանը 2017-ի դեկտեմբերին էր վերադարձել «Լուչ-Էներգիա», որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2013-ի հունիսից 2014-ի դեկտեմբերը: Դրանից առաջ 2017-ին նա գլխավորել էր նաեւ Մոսկվայի «Արարատը» եւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Մախաչկալայի «Անժին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում