11:20  ,  20 ապրիլի, 2018

Հայաստանում անցկացված Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում հաղթել է Իտալիան

Հայաստանում առաջին անգամ անցկացված սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության մեդալային հաշվարկում հաղթել է Իտալիայի հավաքականը: Իտալացիները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Ռուսները 4 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալով գրավել են երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանսիայի թիմը՝ 1 ոսկե, 3 արծաթե, 6 բրոնզե մեդալ:

Ընդհանուր առմամբ, խաղարկվել է մեդալների 12 հավաքածու, որոնցից 6-ը՝ թիմային պայքարում:

Հայաստանի թիմն ուներ 16 ներկայացուցիչ՝ խոցասուսեր եւ ճկասուսեր մրցաձեւերի անհատական ու թիմային պայքարում, սակայն մեդալ չնվաճեց:

Եվրոպայի առաջնության ավարտից հետո սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը մրցաշարի դրոշը հանձնել է Եվրոպայի կոնֆեդերացիայի փոխնախագահին: Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի հաջորդ առաջնության անցկացմանը հավակնում են Բուլղարիայի Պլովդիվ եւ Վրաստնաի Բաթումի քաղաքները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում