15:53  +04,  19 ապրիլի, 2018

Յանա Եգորյան․ Երեւանում ես չափից շատ եմ ուտում (ֆոտոշարք)

Ցավալի է, որ Երեւանում սուսերամարտով զբաղվելու շատ քիչ պայմաններ կան: Մասնավորապես, թրասուսեր ձեւը առհասարակ զարգացած չէ, պայմաններ եւ միջոցներ էլ չկան, որպեսզի երեխաները զբաղվեն այդ մարզաձեւով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը, որն ապրիլի 18-ին հետեւում էր Երեւանում ավարտին մոտեցող սուսերամարի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

«Ուրախ եմ, որ Հայաստանում կազմակերպվեց եւ անցկացվեց սուսերամարտի Եվրոպայի առաջնություն: Այն կնպաստի Հայաստանում մարզաձեւի տարածմանն ու զարգացմանը: Ինձ շատ է գոհացնում Հայաստանում կազմակերպված առաջնությունը: Շատ մարզիկներ են ժամանել տարբեր երկրներից, զրուցել եմ շատերի հետ եւ բոլորը գոհ եմ կազմակերպվածությունից, ընդունելությունից: Արդեն մի քանի օր է Երեւանում եմ։ Հրաշալի են անցնում իմ երեւանյան օրերը՝ զբոսնում եմ, հանգստանում, վայելում այս օրերը:

Այսօր ավելի վաղ պետք է գայի մարզադահլիճ, բայց մի փոքր ուշացա, քանի որ ինձ փորձում էի նոր մասնագիտությունում՝ ձուկ էի վաճառում եղբորս խանութում: Եվրոպայի առաջնությունում ռուս մարզիկների մասնակցությունը բարձր եմ գնահատում: Ռուս մարզիկները միշտ շատ բարձր մակարդակի վրա են, մշտապես լավ մարզավիճակում են: Այսօր պայքարի մեջ են մտնելու թրասուսերի մեր աղջիկները: Մենք բոլորս մի թիմ ենք, ես նրանց հետ միասին մարզվում եմ եւ այսօր նրանց եմ երկրպագելու: Անհատական ձեւերում նվաճեցինք ոսկե եւ բրոնզե մեդալ: Ունեցել ենք եւս մի քանի մեդալներ, ինչը խոսում է լավ արդյունքի մասին:

Ինչ վերաբերում է հայ սուսերամարտիկներին, ցավալի է, որ այսօր Հայաստանում, Երեւանում շատ քիչ հնարավորություններ եւ պայմաններ կան սուսերամարտով զբաղվելու համար: Ես տեղյակ եմ, որ Հայաստանում զարգացած չէ թրասուսեր ձեւը եւ ափսոսում եմ, որ երեխաները չունեն պայմաններ այս մարզաձեւով զբաղվելու համար: Կան շատ մարդիկ, մարզիչներ, ովքեր պատրաստակամ եմ գալ Հայաստան եւ որպես մարզիչ աշխատել այստեղ, զարգացնել թե՛ թրասուսեր ձեւը, թե՛ սուսերամարտի մյուս ձեւերը։ Որքան հասկանում եմ, չկան հնարավորություններ այդ մարզիչներին հրավիրելու համար: Երեւանում օրերս անցնում են շատ հետաքրքիր, այստեղ ես չափից շատ եմ ուտում։ Փորձել եմ բոլոր համեղ հայկական ուտեստները, ինձ ամեն ինչ շատ է դուրս գալիս։ Փորձել եմ հայկական տոլման, մյուս ճաշատեսակները, նաեւ ինձ շատ է դուր եկել լահմաջոն, որը, չնայած հայկական չէ, բայց ամեն դեպքում այստեղ շատ համեղ են պատրաստում եւ բոլորը սիրում են: Երեւանում կլինեմ եւս մեկ օրը, իսկ ապրիլի 20-ին կմեկնեմ»,- զրույցում ասաց ռուսաստանցի մարզուհին։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս եւս Յանա Եգորյանը ժամանել էր Երեւան, որտեղ ապրում է նրա հայրը՝ Կարապետ Ալավերդյանը: 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս