14:01  ,  19 ապրիլի, 2018

Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները եւ կարող է վերականգնվել մինչեւ «Աթլետիկոյի» դեմ խաղը

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերականգնվել մինչեւ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի դիմակայությունը: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագն արդեն վերսկսել է մարզումները ծնկի վնասվածքից հետո:

«Մխիթարյանն արդեն մարզվում է: Անհրաժեշտ է, որպեսզի առաջընթաց լինի առաջիկա 3-4 օրվա ընթացքում: Տեսնենք, թե նրա օրգանիզմն ինչպես կարձագանքի ծանրաբեռնվածությանը»,- Վենգերի խոսքը մեջբերում է ВВС-ն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի ծնկի վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (4:1), որը կայացել էր ապրիլի 5-ին:

«Արսենալի» եւ «Աթլետիկոյի» միջեւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին Լոնդոնում, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 3-ին Մադրիդում: Եզրափակիչը կանցկացվի մայիսի 16-ին Լիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում