14:30  +04,  18 ապրիլի, 2018

Յանա Եգորյանը հետեւում է Երեւանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը

Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հրավերով ժամանել է Հայաստան եւ հետեւում է այս օրերին Երեւանում ընթացող սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Մրցաշարի մամուլի ծառայության հետ զրույցում ռուսաստանցի մարզուհին նշել է, որ Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացումը կնպաստի երկրում մարզաձեւի մասսայականացմանը:

«Առաջին հերթին, սա ինձ համար շատ հաճելի է, որովհետեւ ես հայ եմ եւ Հայաստանում անցկացվում է Եվրոպայի առաջնություն: Անկեղծ ասած, չէի կարող բաց թողել այս հնարավորությունը: Սա շատ լավ քայլ է մարզաձեւը Հայաստանում զարգացնելու եւ մասսայականացնելու համար: Կարծում եմ՝ մրցաշարը լավ է կազմակերպված: Մարզադահլիճը հիանալի է, լավն են նաեւ մարտուղյակները»,- ասել է Յանա Եգորյանը:

Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը Յանա Եգորյանին հանձնել է Եվրոպայի առաջնության հուշամեդալ:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս եւս Յանա Եգորյանը ժամանել էր Երեւան, որտեղ ապրում է նրա հայրը՝ Կարապետ Ալավերդյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում մարզուհին պատմել էր, որ Երեւանում շատ լավ է զգում իրեն։ 

Մարզուհին Ինստագրամի իր էջում նաեւ տեսանյութեր է հրապարակել Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունից, որն անցկացվում է Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: