09:12  ,  18 ապրիլի, 2018

Վարազդատ Հարոյան. Հուսով եմ, որ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքականը կրկին մեծ հաղթանակներ կտանի

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» տանը 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 25-ամյա ֆուտբոլիստը պատմեց կարևոր հաղթանակի և Հայաստանի ազգային թիմի հետ կապված ծրագրերի մասին:

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 26-րդ տուրում «Ուրալը» հաղթեց երկրորդ տեղում ընթացող «Սպարտակին», իսկ դու 90 րոպե անցկացրիր խաղադաշտում: Ինչպե՞ս կմեկնաբանես հանդիպումը:

Շատ ծանր խաղ ստացվեց: «Սպարտակը» մեծ ուժերով գրոհում էր, սակայն մենք կարողացանք վստահ պաշտպանվել, օգտագործել մեր հնարավորությունները և մեզ համար շատ կարևոր 3 միավոր վաստակել:

Խաղից հետո քեզ գովեց նաև «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը: Արդյո՞ք դա հետագա հաջող մրցելույթների համար լրացուցիչ խթան կլինի:

Միշտ հաճելի է մարզիչից լավ խոսքեր լսել` առավել ևս այսպիսի կարևոր խաղերից հետո: Ամեն ինչ անում եմ մարզիչի վստահությունը արդարացնելու և թիմիս օգուտ տալու համար:

Օրերս հավաքականի ղեկը կրկին ստանձնեց Վարդան Մինասյանը: Ի՞նչ ակնկալիքներ և ծրագրեր ունես` ազգային թիմի հետ կապված:

Առջևում երկու ընկերական հանդիպումներ ունենք, որոնք պետք է բարձր մակարդակով անցկացնենք` նախապատրաստվելով մեզ համար շատ կարևոր մրցաշարի` Ազգերի լիգային:

Վարդան Մինասյանի հետ համատեղ աշխատանքից բոլորիս մոտ միայն լավ հուշեր են մնացել: Հուսով եմ, որ կրկին մեծ հաղթանակներ կտանենք:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով