15:43  ,  17 ապրիլի, 2018

Բոնուչի. Փառք Աստծո, որ ես չկայի «Ռեալ» - «Յուվենտուս» խաղում

Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան, «Միլանի» ավագ Լեոնարդո Բոնուչին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղերին:

«Դա հույզերով լի շաբաթ էր: Շատ ուրախ եմ «Ռոմայի» համար եւ խիստ հիասթափված եմ «Յուվենտուսի» անհաջողության պատճառով: «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում 3 գոլ խփելը հեշտ գործ չէ: Խաղի վերջնամասում եղավ այդ կասկածելի 11 մետրանոցը, սակայն «Յուվենտուսը» ցուցադրեց իր բարձր կարգը: Նման բան պատահում է բոլորի հետ: Երբ մրցավարը ցույց տվեց 11 մետրանոցի նշակետը, ես մտածեցի. «Փառք Աստծո, որ այնտեղ չէի»: Հնարավոր է, որ ես չէի կարողանա զսպել բնազդը»,- իտալացի պաշտպանի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած պատասխան խաղի վերջնամասում տեղի ունեցած դրվագը վճռել էր դիմակայության ելքը: Ավելացված ժամանակում հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը 11 մետրանոց հարված էր նշանակել Իտալիայի չեմպիոնի դարպասին, իսկ «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը քիչ անց կարմիր քարտ էր ստացել նրա հետ վիճելու համար: «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը 11 մետրանոց հարվածով կրճատեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին, երբ հյուրերի դարպասը պաշտպանում էր փոխարինման դուրս եկած լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին:

Չեմպիոնների լիգայում  Ջանլուիջի Բուֆոնն առաջին անգամ ստացավ կարմիր քարտ:

Քառորդ եզրափակիչի առաջին խաղում Արքայական ակումբն ուժեղ էր գտնվել 3:0 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում «Յուվենտուսը» հաղթեց 3:1 հաշվով եւ լքեց պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում