21:12  ,  15 ապրիլի, 2018

Արմեն Գրիգորյան. Հայաստան են ժամանել ուժեղ թիմեր՝ իրենց լավագույն մարզիկներով

Սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը չեմ համարում պատմական։ Այն ուղղակի համընկավ մեր ֆեդերացիայի 25-ամյակի հետ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը։

Երեւանում մեկնարկեց սուսերամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունը, որին մասնակցում են 32 երկրների մոտ 300 մարզիկներ: Ապրիլի 15-ին կայացավ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Պոզնյադստկուն, Հայաստանի սպորտի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ԱԺ պատգամավորներ Արթուր Գեւորգյանը եւ Միհրան Պողոսյանը։

«Առաջին անգամ ենք սուսերամարտի խոշոր մրցաշար անցկացնում Երեւանում։ Մինչեւ 23 տարեկանը մարզիկի համար կարեւոր տարիք է, քանի որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում նրանք են պայքարելու օլիմպիական մեդալների համար։ Հայաստանում անցկացվող Եվրոպայի Մ-23 առաջնությանը մասնակցում են շատ ուժեղ երկրներ՝ իրենց լավագույն մարզիկներով։ Հետաքրքիր ու թեժ մենամարտեր են մեզ սպասվում։ Ցավոք, այսօր պայքարից դուրս մնաց մեր առաջատար սուսերամարտիկ Էմմա Պողոսովան։ Խոցասուսեր ձեւում նա 14:11 հաշվով հաղթում էր Շվեյցարիան ներկայացնող Կիմ Յասմինին, սակայն վերջին րոպեներին ցավալի ու անհասկանալի պարտություն կրեց, եւ դա այն դեպքում, երբ մեկ խոցում էր մնում հաղթելուն։ Նրա մրցակիցը դուրս եկավ կիսաեզրափակիչ, այնինչ Էմման կարող էր մեդալային պայքարում լինել։ Այսպիսի պարտությունը մեծ վերլուծության կարիք ունի, քանի որ 14:11 հաշվով հաղթելու դեպքում մարզիկն ուղղակի իրավունք չունի պարտվելու»-, ասաց Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի ապրիլի 19-ին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս