14:46  ,  15 ապրիլի, 2018

Վիտաուտաս Պոլույանսկաս. Հայաստանը շատ լավ է կազմակերպել Եվրոպայի առաջնությունը

Երեւանում այս օրերին ընթացող սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության համար Հայաստան են ժամանել 32 երկրների ավելի քան 400 պատվիրակներ: Հայաստան ժամանած հյուրերի թվում են նաեւ տարբեր երկրների ֆեդերացիաների նախագահներ: Լիտվայի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Վիտաուտաս Պոլույանսկասը բարձր է գնահատել հայկական կողմի կատարած աշխատանքը:

«Առաջին անգամ ընդունելով սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը՝ Հայաստանը շատ լավ է կազմակերպել այն, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հետ մենք միշտ լավ հարաբերությունների մեջ ենք, տեղյակ եմ նաեւ, որ  վերջերս Հայաստանի ու Լիտվայի միջեւ պետական մակարդակով սպորտային համագործակցության երկու համաձայնագիր է ստորագրվել: Դուք ունեք հիանալի մարզաբազաներ: Ինձ հիացրել է հատկապես Օլիմպիական ավանը: Հայաստանը շատ լավ մարզաբազա ունի նաեւ Ծաղկաձորում, որտեղ տարիներ շարունակ մարզվելու են եկել մեր մարզիկները: Կարծում եմ՝ համագործակցության ընթացքում կշահեն եւ՛ հայ, եւ՛ լիտվացի մարզիկները»,- ասել է Վիտաուտաս Պոլույանսկասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս