18:15  +04,  14 ապրիլի, 2018

Ալիկ Նավասարդյան. Թուրքիան ու Ադրբեջանը քվեարկել էին Հայաստանի օգտին (ֆոտո)

Մեդալների չենք հավակնում, քանի որ շատ ուժեղ երկրներ են մասնակցելու այս առաջնությանը: Հրաշք կլինի, եթե մեր երկրում անցկացվող Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սուսերամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալիկ Նավասարդյանը:

Այս օրերին Ալիկ Նավասարդյանի ղեկավարած դպրոցում համատեղ մարզումներ են ընթանում սուսերամարտի Բելառուսի, Լատվիայի, Վրաստանի, Հայաստանի հավաքականների մասնակցությամբ:

Թիմերը պատրաստվում են ապրիլի 15-19-ը Հայաստանում առաջին անգամ կայանալիք սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը, որին մասնակցելու է 32 երկրից շուրջ 300 մարզիկ:

Պարոն Նավասարդյան, ինչպե՞ս հաջողվեց ստանալ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության անցկացման իրավունքը:

Մեծ բարդությամբ այս հնարավորությունը մեզ տրվեց: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան ամեն ինչ արեց, որպեսզի մեր երկրում անցկացվի առաջնությունը: Թեկնածու երկրներն էին Հայաստանն ու Իսրայելը: Քվեարկության մասնակից 44 երկրներից 34-ը քվեարկեցին Հայաստանի օգտին: Սկանդինավյան երկրներն էին դեմ, որ Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացվի: Քվեարկությանը մասնակից երկրներից Թուրքիան, Ադրբեջանը միաձայն կողմ էին, որ Հայաստանը հնարավորություն ստանա առաջնությունն անցկացնել: Բայց մասնակից երկրների թվում Ադրբեջանի թիմը չի լինելու, քանի որ իրենց կառավարության կողմից Հայաստան գալու հետ կապված խնդիրներ են եղել: Ի դեպ, Ադրբեջանի հավաքականի հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք. նրանց գլխավոր մարզիչը երկար տարիներ աշխատել է մեզ հետ:

Հայաստանում սուսերամարտը դեռեւս զարգացած չէ, չենք հավակնում Օլիմպիական խաղերին մասնակցելուն, չկան բարձր արդյունքներ: Ռիսկայի՞ն չէր Եվրոպայի Մ23 առաջնությունը հյուրընակել երկրում, որտեղ մարզաձեւը մասսայականություն չի վայելում: 

Սուսերամարտը Հայաստանում ամենաուժեղ մարզաձեւերից մեկն էր մինչեւ անկախությունը: Մենք միշտ եղել ենք ԽՍՀՄ կազմում, մեր այս մարզադպրոցը՝ Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպորցը, ամբողջ ԽՍՀՄ օլիմպիական հերթափոխի դպրոցների մեջ եղել է 2-րդն ու 3-րդը լավագույն սաներով: Այս դպրոցն ունեցել է ԽՍՀՄ 18 չեմպիոն, չհաշված Եվրոպայի, աշխարհի մրցանակակիրներ: Այս մարզադպրոցը գործում է 1973 թվականից, իսկ լավագույն տարիները մեզ համար եղել են 1980-1992 թվականները:  Անկախությունից հետո ամեն ինչ անկում ապրեց, ինչպես մյուս բոլոր մարզաձեւերում: Պատճառներից մեկն այն էր, որ պատերազմը սկսվելուն պես մարզադպրոցի ամբողջ բազան տրամադրվեց ռազմական գործողություններին նախապատրաստվելուն: 700 զինվոր պատրաստվում էին այստեղ: Մարզադպրոցն ունի վազքուղու մեծ տարածք, որտեղ զինվորները կրակել էին սովորում: Իսկ մարզադահլիճները գիշերելու համար էին ծառայում: Յուրաքանչյուր շաբաթ մեծ թվով զինվորներ էին պատրաստվում այստեղ եւ մեկնում մարտական դիրքեր:

Այդ ժամանակ դա էր կարեւոր բոլորիս համար, այդ պատճառով մարզաձեւը երկրորդ պլան էր գնացել: Պատերազմից հետո մինչեւ բոլորս խելքի եկանք, արդեն շատերը հեռացել էին երկրից, սպորտից: 1997 թվականից հետո սուսերամարտը սկսեց վերածնունդ ապրել: Բայց ունեինք ֆինանսական խնդիրներ, շատ այլ խնդիրներ, ասես՝ ամեն ինչ սկսեինք զրոյից: Այդ ժամանակ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի, Վանո Սիրադեղյանի, Հարություն Ղարագյոզյանի աջակցությամբ հայ սուսերամարտիկները հնարավորություն ստացան աշխարհիր առաջնության մասնակցել, ինքս այդ տարիներին վետերանների աշխարհի առաջնությանը մասնակցեցի եւ մեդալ նվաճեցի:

Իսկ հիմա ի՞նչ պետական աջակցություն ունի մարզաձեւը, ֆեդերացիան:

Կարեն Կարապետյանը մինչ օրս մեր մարզաձեւի կողքին է, յուրաքանչյուր հարցով մեզ մեծ ֆինանսական օգնություն է ցուցաբերում: Մեծ աջակցություն եղավ մասնավորապես այս Եվրոպայի առաջնության շրջանակներում: Նույնը եւ սպորտի նախարարությունը, ՀԱՕԿ-ը, աջակցում են. որքանով կարողանում են:

Դպրոցն ունի  216 սան: Բայց մարզվողների քանակը գնալով պակասում է: Մարզադպրոցը գտնվում է Նորագավիթ համայնքում, որտեղի բնակիչները աստիճանաբար պակասում են: Իսկ ամբողջ Հայաստանում սուսերամարտով զբաղվողների թիվը շուրջ 400 է: Հենց այս խնդիրը հաշվի առնելով նաեւ ցանկություն եղավ մարզաձեւի Եվրոպայի Մ23 առաջնությունը Հայաստանում անցկացնել, որպեսզի այդ մի քանի օրերի ընթացքում մարզաձեւի օլիմպիական չեմպիոններ, սպորտային աստղեր, ուժեղագույն թիմեր ժամանեն Հայաստան, սուսերամարտի տոն դարձնենք այս առաջնությունը: Այս ամենը կնպաստի սուսերամարտի մասսայականացմանն ու զարգացմանը:

Հայկական սուսերամարտում առայժմ երկու ձեւն է միայն զարգացած՝ ճկասուսեր եւ խոցասուսեր ձեւերը: Այս երկու ձեւով ենք մասնակցելու Եվրոպայի Մ23 առաջնությանը, քանի որ թրասուսեր ձեւից լավ մարզիկներ չունենք: Այս ձեւը դեռեւս կաղում է Հայաստանում, քանի որ չունենք համապատասխան մարզիչներ: Չգիտեմ ինչու, մեր մարզիչները դեռեւս թերանում են այս ձեւում: Ես ինքս էլ թրասուսեր ձեւը հանել եմ մարզադպրոցից, քանի որ չունենք մարզիչներ:

Հայ սուսերամարտիկները խոշոր մրցաշարերում ե՞րբ կարող են հավակնել մեդալների, Օլիմպիական խաղերի ուղեգրերի:

Ինչպես յուրաքանչյուր մարզաձեւում, սուսերամարտում էլ խնդիրը զուտ ֆինանսականն է. մեր տարեկան բյուջեն կազմում է 14 միլիոն դրամ, ինչը բավական չէ շատ մրցաշարերին մասնակցելու համար: Մարզիկների ներուժի խնդիր չունենք, քանի որ մեր սուսերամարտիկները ոչնչով չեն զիջում որեւէ այլ պետության մարզիկներին: Մեր մարզիկները ճկուն են, ճարպիկ են, համարձակություն ունեն, ուղեղ: Նախկինում, երբ մեր ֆեդերացիայի նախագահը նախարար էր, բյուջեն 28 միլիոն էր: Այժմ իջել է 14 միլիոն: Այդքանով եթե մի լավ ձեւի մրցում տանենք, 14 միլիոնը կվերջանա: Բայց չենք բողոքում, վստահ ենք, որ մարզաձեւն աստիճանաբար կզարգանա: Ի դեպ, նշեմ նաեւ, որ թե մեր մարզադպրոցում, թե ամբողջ Հայաստանում սուսերամարտի մարզումներն իրականցվում են անվճար հիմունքներով:

Մեր միակ խնդիրն այն է, որ խոշոր մրցաշարերում մասնակցելիս միշտ մեկնարկում ենք  ամենաուժեղների հետ: Պատճառն այն է, որ տարվա մեջ սուսերամարտիկներն ունենում են  Ա կարգի 8 մրցաշար, եթե չենք կարողանում մասնակցել այդ մրցաշարերին,  վիճակահանության ենք մասնակցում ամենավերջին համարներով:

Նույնը կլինի նաեւ այս Եվրոպայի առաջնությունում՝ մեկնարկային մենամարտերում ամենավերջին համարներով կմրցենք ամենաուժեղների հետ, քանի որ չենք մասնակցել այդ մրցաշարերին: Իսկ մրցաշարերին չենք կարողանում  մասնակցել ֆինանսի պակասի պատճառով: Օրինակ՝ վաղը մեր մարզիկները պայքարի դուրս կգան Իտալիայի,  Ռուսաստանի կամ Հունգարիայի ներկայացուցիչների հետ, ովքեր Եվրոպայի առաջնության ֆավորիտներն են:

Ի՞նչ պատվավոր հյուրեր կժամանեն Հայաստան այս օրերին:

Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը կպատվի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ, 6-ակի օլիմպիական չեմպիոն, 12-ակի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, ռուս Ստանիսլավ Պոզդնյակովը: Այստեղ կլինեն Եվրոպական ֆեդերացիայի անդամ երկրների ֆեդերացիաների ղեկավարները, անվանի մարզիկներ, մարզիչներ: Հրավիրել ենք նաեւ սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանց Յանա Եգորյանին: Ցանկանում ենք մեծ շուքով դիմավորել մեր օլիմպիական չեմպիոնին: Նա պատասխանել է ֆեդերացիայի հրավերին, որ հնարավորության դեպքում կժամանի:

Եվրոպայի Մ23 առաջնությունը կմեկնարկի ապրիլի 15-ին ժամը 10:00-ին ԵՊՀ-ի նորակառույց մարզադահլիճում: Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ժամը 17:00-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ