23:14  ,  12 ապրիլի, 2018

Արման Ղազարյան. Անփութության պատճառով տանը շինարարության ընթացքում բարձրությունից ընկա

Անփութության պատճառով տանը շինարարության ընթացքում բարձրությունից ընկա: Շատ լուրջ վնասվածք չունեմ, ամեն ինչ կարգավորվում է: Շուտով դուրս կգրվեմ հիվանդանոցից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի արդեն նախկին երկրորդ մարզիչ, դոպինգ ընդունելու մեջ մեղադրվող 75 կգ քաշային Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը, ով հոսպիտալացվել էր բարձրությունից ընկնելու հետեւանքով:

Ապրիլի 9-ին ահազանգ էր ստացվել «Արմենիա» ԲԿ-ից, որ գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արման Ղազարյանը։ Ղազարյանի մոտ եղել է նաեւ կրծքավանդակի եւ թոքերի սալջարդ։

«Դեպքը տեղի է ունեցել իմ տանը, որտեղ շինարարական աշխատանքներ էինք իրականացնում: Բարձրությունից վայր ընկա: Լուրջ վնասվածքներ չունեմ, ունեմ կողերի կոտրվածք, բայց այսօր արդեն քայլել եմ: Դեռեւս դուրս չեն գրել հիվանդանոցից, բայց արդեն ուզում եմ դուրս գրվել եւ տանը շարունակել ապաքինումս»,- ասաց Արման Ղազարյանը:

Արման Ղազարյանն օրեր առաջ ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականից հեռացվել էր դոպինգի սկանդալի պատճառով։ Երեւանի Օլիմպավանում հավաք անցնող Հայաստանի թիմի ծանրորդները հանձնել էին հերթական դոպինգ թեստը, որի արդյունքում մինչեւ 20 տարեկանների  Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ թեստի պատասխանը դրական էր եղել: Դրանից հետո ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայ մարզուհուն ժամանակավորապես զրկել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստում որոշում էր կայացվել հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին եւ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանին հեռացնել պաշտոնից:

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում