22:36  ,  12 ապրիլի, 2018

Փաշիկ Ալավերդյան. Մայիսի 6-ին պարզ կլինի, թե ինչ է սպասվում հայկական ծանրամարտին

Հայ ծանրորդները կունենան երկուական օլիմպիական ուղեգրերի հնարավորություն՝ 2 տղամարդկանց եւ 2 կանանց հավաքականների համար: Ամեն ինչ կփորձենք անել, որ մինչեւ Տոկիո-2020-ը որեւէ խնդիր չունենանք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ մեկնաբանելով ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների փոփոխությանը, ըստ որի 2008-2020 թվականներին բազմաթիվ դոպինգային խախտումներ ունեցած հինգ երկրների 2020թ. Օլիմպիական խաղերում կտրվի միայն երկուական ուղեգիր նվաճելու հնարավորություն: Այդ երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանը՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ:

«Ամեն ինչ փորձելու ենք անել, որ միջազգային ֆեդերացիայի հետ ունեցած մեր պայմանագրի կետերից որեւէ մեկը չխախտենք: Կանանց հավաքականի 75 կգ քաշային Սոնա Պողոսյանի հետ տեղի ունեցած միջադեպը շատ ծանր ազդեցություն կունենա մեր վրա, բայց շուտով՝ մայիսի 3-6-ը տեղի է ունենալու միջազգային ֆեդերացիայի հերթական ժողովը, որի ընթացքում միջազգային ֆեդերացիայի անդամները անհատական հանդիպում-քննարկում կունենան որակազրկված 9 պետությունների ներկայացուցիչների հետ: Մայիսի 6-ին կվերադառնամ եւ ամեն ինչ պարզ կլինի, թե ինչ է սպասվում հայկական ծանրամարտին, Հայաստանի հավաքականներին: Ամեն ինչ կանենք, որ այս միջադեպն իր ծանր ազդեցությունը չթողնի: Դեռ կոնկրետ ոչինչ պարզ չէ, պետք է սպասենք եւ տեսնենք՝ ինչ որոշում է կայացնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիան»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերից Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Չինաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի հավաքականները որակազրկված են մեկ տարով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով