16:44  ,  12 ապրիլի, 2018

Կյելինին ակնարկել է, որ «Ռեալը» կաշառք է տվել մրցավարին (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինին Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի վերջնամասում տեղի ունեցած դրվագից հետո ակնարկել է, որ իսպանական ակումբը կաշառք է տվել մրցավարին:

Կյելինին այդպիսի ժեստ է ցույց տվել Մադրիդում կայացած հանդիպման ավելացված ժամանակում Իտալիայի չեմպիոնի դարպասին նշանակված 11 մետրանոցից հետո:

Հիշեցնենք, որ ավելացված ժամանակում հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը 11 մետրանոց հարված էր նշանակել «Ռեալի» օգտին, իսկ «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը քիչ անց կարմիր քարտ էր ստացել նրա հետ վիճելու համար: «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը 11 մետրանոց հարվածով կրճատեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին, երբ հյուրերի դարպասը պաշտպանում էր փոխարինման դուրս եկած լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին:

Չեմպիոնների լիգայում 40-ամյա Ջանլուիջի Բուֆոնն առաջին անգամ ստացավ կարմիր քարտ:

Առաջին խաղում Արքայական ակումբն ուժեղ էր գտնվել 3:0 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում «Յուվենտուսը» հաղթեց 3:1 հաշվով եւ լքեց պայքարը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում