14:10  +04,  12 ապրիլի, 2018

Եվրոպայի բաց առաջնության պատվավոր հյուր. Ինձ շատ է դուր գալիս Հայաստանի մշակույթը (ֆոտո)

Ես Հայաստան եմ եկել առանց չինացի մարզիկների, քանի որ եկել եմ տեսնելու, թե ինչպես են եվրոպացիները պայքարում քունգ-ֆու մարտարվեստում: Խոստանում եմ, որ հաջորդ այցիս ժամանակ ինձ հետ կբերեմ ուժեղ մարզիկների, որոնք իրենց փորձը կփոխանցեն հայ մարզիկներին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, շաոլինյան մարտարվեստի վարպետ, Չինաստանի մարտարվեստի տասը ժամանակակից առասպելներից մեկի վարպետ Ֆու Բյաոն:

Ապրիլի 13-15-ը Հայաստանում տեղի կունենա քունգ-ֆուի Եվրոպայի բաց առաջնությունը՝ նվիրված Երեւանի հիմնադրման 2800-ամյակին:

«Հայաստանում առաջին անգամ եմ: Շատ ուրախ եմ, որ այս մեծ միջոցառումը նախաձեռնել եւ հյուրընկալել է Հայաստանը: Սա, իսկապես, շատ կարեւոր իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ մարզիկների համար: Ինձ շատ է դուր գալիս Հայաստանի մշակույթը: Ինձ ասում են, որ ես շատ հայտնի եմ, սակայն իրականում այդքան էլ հայտնի չեմ, ես ուղղակի մարդ եմ, որը սիրում է քունգ-ֆուն եւ զբաղվում է աշխարհում այս մարտարվեստի մշակույթի տարածմամբ: Լինելով քունգ-ֆուի վարպետ ու միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ՝ ինձ համար մեծ պատիվ է լինել Եվրոպայի բաց առաջնության պատվավոր հյուրը: Կհետեւեմ հայ եւ եվրոպացի մարզիկների պայքարին»,- ասաց Ֆու Բյաոն:

Հայաստանի քունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը հայտնեց, որ Եվրոպայի բաց առաջնությանը կմասնակցեն 14 երկիրի թիմեր, այդ թվում՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից ու ԱՄՆ-ից:

«Հայաստանից կմասնակցի 22 մարզիկ մի քանի ոճերում: Այս առաջնության անցկացումը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ կնպաստի Հայաստանում քունգ-ֆու մարտարվեստի տարածմանն ու զարգացմանը: Նման առաջնությունների անցկացումը կարեւոր է եկող սերնդի համար: Մենք ունենք կարգախոս՝ առողջ մարմին, արթուն միտք եւ ազնիվ հոգի. այս կարգախոսով էլ հայ մանուկների մեջ սերմանում ենք քունգ-ֆուի մշակույթը: Առաջիկայում ունենք նաեւ քունգ-ֆուի աշխարհի առաջնություն եւ այս Եվրոպայի առաջնությունը նաեւ որոշիչ կլինի Հայաստանի թիմի կազմի ընտրության հարցում»,- ասաց Սարգիս Հարությունյանը:

Քունգ-ֆուի Եվրոպայի առաջնության բացումը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ ժամը 11-ին, նախկին «Միկա» մարզաhամալիրում։ Մուտքն ազատ է։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ