13:30  ,  12 ապրիլի, 2018

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ապրիլի 12-ին ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականն Իսրայելի հետ կիսում է 98-րդ տեղը։ Նախորդ հրապարակումից հետո 2 հանդիպում անցկացրած հայկական թիմը նահանջել է 7 աստիճան եւ ունի 347 վարկանիշային միավոր:

ՖԻՖԱ-ի դասակարգումը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիներն: Բելգիան բարձրացել է երրորդ տեղ, իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան չորրորդն է: Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Իսպանիան, Չիլին ու Լեհաստանը:

Այս տարվա սեպտեմբերին մեկնարկող Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Մակեդոնիան 77-րդն է, Լիխտենշտեյնը՝ 181-րդը, իսկ Ջիբրալթարը՝ 196-րդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ 2 ընկերական խաղերն անցկացրել էր մարտ ամսին՝ Երեւանում գոլազուրկ ոչ ոքի խաղալով Էստոնիայի հետ եւ նվազագույն հաշվով պարտվելով Լիտվային:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականը մայիսի 29-ին Ավստրիայում ընկերական հանդիպում է անցկացնելու Մալթայի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս