00:35  ,  11 ապրիլի, 2018

ՉԼ. «Ռոման» դուրս թողեց «Բարսելոնային», «Լիվերպուլը»՝ «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիական «Լիվերպուլն» ու իտալական «Ռոման» նվաճեցին ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգրեր՝ պայքարից դուրս թողնելով համապատասխանաբար Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիին» եւ իսպանական Պրիմերայի առաջատար «Բարսելոնային»:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Սիթին» «Լիվերպուլին» պարտվեց նաեւ տանը՝ 1:2 (տեսանյութ): Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերի անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի փոխանցումն օգտագործեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը՝ գրավելու գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի դարպասը: Սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը: 56-րդ րոպեին չքի ընկավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը՝ 1:1: Իսկ 77-րդ րոպեին «Լիվերպուլի» հաղթական գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն:

Առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթել էր 3:0 հաշվով: Անգլիական ակումբը 10 տարի չէր դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

«Բարսելոնան» Իտալիայի մայրաքաղաք Հռոմում 0:3 հաշվով (տեսանյութ)  սենսացիոն պարտություն կրեց «Ռոմայից»:

«Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիի փոխանցումից հետո Հռոմում հաշիվը բացեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն 6-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում Դե  Ռոսին դիպուկ իրացրեց 11 մետրանոցը, որը նշանակվել էր Ջեկոյի նկատմամբ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեյի թույլ տված խախտման համար: Վերջնամասում էլ հույն պաշտպան Կոստաս Մանոլասը հաշիվը դարձրեց 3:0:

 Առաջին խաղում «Բարսելոնան» առավելության էր հասել 4:1 հաշվով:

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան դարձավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչներում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը՝ 22: Նա առաջ անցավ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռայան Գիգզից (21 խաղ) եւ նախկին ակումբակից Չավիից (21 խաղ):

Ապրիլի 11-ին քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցակցնեն Մյունխենի «Բավարիան» ու իսպանական «Սեւիլիան» (առաջին խաղ՝ 2:1) եւ Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը» (առաջին խաղ՝ 3:0):

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1:4)

Էդին Ջեկո, 6, Դանիելե Դե Ռոսի, 58, 11մ, Կոնստանտինոս Մանոլաս, 82

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:2,  (առաջին խաղ՝ 0:3)

Գաբրիել Ժեզուս, 2 - Մոհամեդ Սալահ, 56, Ռոբերտո Ֆիրմինո, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում