18:02  ,  10 ապրիլի, 2018

Արման Ղազարյանը վնասվածքը ստացել է կիսակառույց շինությունում վայր ընկնելու հետեւանքով

Ապրիլի 9-ին ահազանգ է ստացվել «Արմենիա» ԲԿ-ից, որ գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արման Ղազարյանը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Արման Ղազարյանը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Կոտայքի Քասախ գյուղում՝ կիսակառույց շինությունում վայր ընկնելու հետեւանքով։ Դեպքի կապակցությամբ ընթանում է քննություն։

Հիշեցնենք, որ Արման Ղազարյանը ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի նախկին երկրորդ մարզիչն է, դոպինգ ընդունելու մեջ մեղադրվող 75 կգ քաշային Սոնա Պողոսյանի անձնական մարզիչը:

«Արմենիա» բժշկական կենտրոնից NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ մարզիչը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ վիճակը միջին ծանրության է։ Ղազարյանի մոտ կա գանգուղեղային վնասվածք, կրծքավանդակի եւ թոքերի սալջարդ։ Եթե մարզիչի վիճակը լավանա, ապրիլի 11-ին նրան կտեղափոխեն նյարդավիրաբուժական բաժանմունք։

Արման Ղազարյանն օրեր առաջ ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականից հեռացվել էր դոպինգի սկանդալի պատճառով։ Երեւանի Օլիմպավանում հավաք անցնող Հայաստանի թիմի ծանրորդները հանձնել էին հերթական դոպինգ թեստը, որի արդյունքում մինչեւ 20 տարեկանների  Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ թեստի պատասխանը դրական էր եղել: Դրանից հետո ծանրամարտի միջազգային ֆեդերացիաան հայ մարզուհուն ժամանակավորապես զրկել էր միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստում որոշում էր կայացվել հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին եւ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանին հեռացնել պաշտոնից:

Արման Ղազարյանը  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Սոնա Պողոսյանն իրեն հատնել է, թե չի ընդունել արգելված խթանիչներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում