17:24  ,  10 ապրիլի, 2018

Հայաստանի հավաքականից դոպինգի սկանդալի համար հեռացված մարզիչը հոսպիտալացվել է

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի նախկին երկրորդ մարզիչ, դոպինգ ընդունելու մեջ մեղադրվող 75 կգ քաշային Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հոսպիտալացվել է։

«Արմենիա» բժշկական կենտրոնից NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ մարզիչն ընկել է բարձրությունից։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ վիճակը միջին ծանրության է։ Ղազարյանի մոտ կա գանգուղեղային վնասվածք, կրծքավանդակի եւ թոքերի սալջարդ։ Եթե մարզիչի վիճակը լավանա, ապրիլի 11-ին նրան կտեղափոխեն նյարդավիրաբուժական բաժանմունք։

Հիշեցնենք, որ Արման Ղազարյանն օրեր առաջ ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականից հեռացվել էր դոպինգի սկանդալի պատճառով։ Երեւանի Օլիմպավանում հավաք անցնող Հայաստանի թիմի ծանրորդները հանձնել էին հերթական դոպինգ թեստը, որի արդյունքում մինչեւ 20 տարեկանների  Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ թեստի պատասխանը դրական էր եղել: Դրանից հետո ծանրամարտի միջազգային ֆեդերացիաան հայ մարզուհուն ժամանակավորապես զրկել էր միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստում որոշում էր կայացվել հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին եւ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանին հեռացնել պաշտոնից:

Արման Ղազարյանը  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Սոնա Պողոսյանն իրեն հայտնել է, թե չի ընդունել արգելված խթանիչներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում