18:40  ,  10 ապրիլի, 2018

Fantasy. Ի՞նչ տվեց Պաբլո Էսկոբարը սպորտային աշխարհին

Շատերն են լսել հանրահայտ նարկոբարոն Պաբլո Էսկոբարի մասին: Կոլումբացին մեծ կիրք է ունեցել  ֆուտբոլի նկատմամբ եւ դրա շնորհիվ դարձել է մեր օրերում լայն տարածում գտած Fantasy–ի հիմնադիրը: 20–րդ դարի 70-ականներին ամեն մրցաշրջանից առաջ Էսկոբարն ընկերների հետ կազմում էր Կոլումբիայի ազգային առաջնության Dream Team-ը եւ առաջնության արդյունքներով որոշում՝ով է հաղթել: Կան պահպանված պատմություններ, որ Էսկոբարը դաժան ծեծի էր ենթարկում իր թիմի այն խաղացողներին, ովքեր հաջող ելույթ չէին ունենում։ Fantasy–ի մերօրյա խաղացողների ճնշող մեծամասնությունը նույնպես չէր հրաժարվի այդ հնարավորությունից։

1980-ականներին ամերիկացի լրագրող Դանիել Օկրենտը, փորձելով զարգացնել Էսկոբարի գաղափարը, Նյու Յորքի սրճարաններից մեկում կազմակերպում էր միջոցառումներ, որի ժամանակ հյուրերը ընտրում էին իրենց Dream Team-ը օրվա բեյսբոլի հանդիպումների համար։

Այս գաղափարը հետագայում զարգացել է, եւ այսօր Fantasy խաղալու համար ամենեւին պետք չէ այցելել Նյու Յորք։ Պարզապես պետք է ունենալ ցանկություն եւ համացանցի առկայություն: Պաշտոնական Fantasy խաղ ունեն աշխարհի բոլոր հեղինակավոր լիգաները. National Hockey League, National Basketball Association, Major League of Baseball, National Football League եւ այլն:

Ամերիկյան սպորտաձեւերը մեզ մոտ այդքան էլ տարածված չեն մեր ժամային գոտու պատճառով, սակայն Հենրիխ Մխիթարյանի՝ Անգլիա տեղափոխությունից հետո հայ ֆուտբոլասերների շրջանում տարածում գտավ Fantasy Premier League խաղը: 

FPL–ը գործում է Անգլիայի Պրեմյեր լիգայի հովանու ներքո, եւ այն կարող եք խաղալ՝ այցելելով Պրեմյեր լիգայի պաշտոնական կայքի Fantasy բաժինը: Այցելելուց հետո մնում է միայն գրանցվել եւ հավաքել թիմ՝ բաղկացած 15 ֆուտբոլիստներից։ Ամեն տուրից առաջ ձեզ հնարավորություն է տրվում կատարել մեկ անվճար տրանսֆեր (հավելյալ տրանսֆերը ձեզ զրկում է 4 միավորից), որը կարող եք խնայել եւ հաջորդ տուրի համար կատարել 2 տրանսֆեր։ Խաղում վճռորոշ հանգամանք է թիմի ավագի ընտրությունը։ Եթե իրական ֆուտբոլում թիմի ավագը առավել փորձառու եւ առաջնորդի ունակություններով օժտվածներն են կրում թեւկապը, ապա FPL-ում ավագի թեւկապը պետք է տալ այն ֆուտբոլիստներին, ովքեր ավելի շատ գոլ են խփում (օրինակ՝ այս մրցարջանում մարզիչների մեծամասնությունը վստահում է Մոհամադ Սալահին կամ Հարի Քեյնին)։

Հաղթողները ստանում են մրցանակներ՝ սկսած մանր աքսեսուարներից ընդհուպ մինչեւ VIP հյուրընկալություն Պրեմյեր լիգայի ցանկացած խաղի համար: Մրցանակներ կան նաեւ շաբաթվա լավագույն 10 եւ ամսվա լավագույն 20 արդյունքները ցույց տված մարզիչների համար։ Այս մրցանակներին տիրանալը առավել հավանական է եւ հեշտ։

 2012-2013 թվականների մրցաշրջանում մեր հայրենակից Աբել Յուզբաշյանը Գարեթ Բեյլի հեթ-տրիկի շնորհիվ (վերջին տուրում հենց Բեյլի գոլերը «Տոտենհեմի» կազմում առավելություն ապահովեցին նրա համար) իրականացրեց Fantasy խաղացող միլիոնավոր մարդկանց երազանքը, այն է, հաղթել եւ ուղեւորվել Բրիտանիա՝ դիտելու  սիրելի թիմի հանդիպումը ստադիոնում։ Փորձառու Աբելը խորհուրդ է տալիս լինել սառը եւ նախապատվություն չտալ սիրելի թիմին եւ հատկապես Հենրիխ Մխիթարյանին։

FPL խաղալը բավական հետաքրքիր եւ բարդ գործ է: FPL խաղում են բոլորն առանց որեւէ տարիքային սահմանափակման, սակայն հարկ է նշել, որ խաղը մեծ տարածում ունի 20-25 տարեկանների շրջանում։ Այն հիմնված է առավելապես հաջողության գործոնի վրա, սակայն կշռադատված որոշումները մրցաշրջանի ընթացքում կարող են տալ ահռելի առավելություն: Խաղն ունի շատ նուրբ դետալներ, որոնք կարելի է նկատել միայն որոշ ժամանակ այն խաղալուց հետո: Հիշեք, որ պարզապես կարեւոր է ուշադիր կարդալ կանոնները, իսկ որոշ բան չհասկանալու դեպքում կարող եք դիմել սոցիալական ցանցերի օգնությանը, որտեղ գործում են բազմաթիվ էջեր (FPL.Updates.Tips, TheFantasyPL, FantasyFootball.FF), որոնք տրամադրում են խորհուրդներ, ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառուների համար:

Fantasy Premier League-ը համագործակցում է մի շարք ընկերությունների հետ, որոնք արդեն տեւական ժամանակ է, ինչ գովազդի դիմաց լավագույն մարզիչներին պարգեւատրում են իրենց արտադրանքներով։ Ընկերությունների մեջ նշվում են EA Sports, Tag Heuer, Carling, Nike, Cadbury անունները։

Fantasy-ին հնարավորություն է տալիս մրցակցել ձեր ընկերների հետ, ձեր իսկ սեփական լիգաներում: Աշխարհում FPL խաղացողների թիվը հասնում է 6 միլիոնի եւ այդ թիվն օրեցօր աճում է: Նույնը կարելի է ասել հայկական Fantasy community-ի մասին, որն ունի մոտ 1500 խաղացող, այն դեպքում երբ 2 տարի առաջ այս խաղի մասին մեր երկրում եզակի մարդիկ էին տեղյակ:

 Դե ինչ, եթե ունեք ֆուտբոլ դիտելու մոտիվացիայի պակաս, ապա կարող եք փորձել ձեր ուժերը ամենահանրահայտ ֆուտբոլային Fantasy խաղի մեջ եւ միգուցե դուք կդառնաք FPL աշխարհի գլխավոր հայտնությունը:

Դավիթ Խաչատրյան (NEWS.am Sport-ի մարզական լրագրողական նախաձեռնությունների պատանեկան կենտրոն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English