14:34  ,  9 ապրիլի, 2018

Շատ երկրներ ցանկություն ունեն հենց Հայաստանում մասնակցել Եվրոպայի առաջնությանը․ Հավաքականի մարզիչ

Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում անցկացնել սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն: Ամեն ինչ կանենք, որ լավ արդյունքներ գրանցենք, մեդալ նվաճենք։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սուսերամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանը:

Ապրիլի 14-19-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն, որին մասնակցելու են 32 երկրների շուրջ 290 մարզիկներ:

«Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանում ձեռք է բերել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան: Եվրոպական ֆեդերացիայի հերթական համաժողովում առաջադրված է եղել Հայաստանի եւ Իսրայելի թեկնածությունը: Համաժողովին մասնակից 42 երկրներից 34-ը քվեարկել են Հայաստանի օգտին: Սա մեծ պատիվ է մեզ համար, քանի որ մասնակից երկրների զգալի մասը ցանկություն ունի հենց Հայաստանում մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ժամանել եւ տեսնել մեր երկիրը, քանի որ շատ եվրոպական երկրներում տպավորություն կա, որ Հայաստանում պատերազմական դրություն է, եւ որ ամեն բան խաղաղ չէ մեր երկրում, մարզաձեւն այդքան զարգացած չէ: Սա լավ առիթ է՝ տեսնելու մեր երկիրը, Հայաստանում սուսերամարտի հիմքերը ներկայացնելու համար: Այս միջոցառումը հյուրընկալում ենք ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի ջանքերով»,- ասաց Ալիկ Նավասարդյանը:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանի խոսքով, հայ մարզիկները Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը կմասնակցեն 2 մրցաձեւերում, բացի թրասուսերից, քանի որ այդ ձեւը զարգացած չէ Հայաստանում:

«Հայաստանի հավաքականը կմասնակցի 15 մարզիկով՝ ճկասուսեր եւ խոցասուսեր: Թիմը լավ նախապատրասական փուլ է անցել, այժմ էլ շարունակվում են մեր մարզումները: Այս օրերին սպասվում են մի քանի երկրների թիմերի հետ համատեղ մարզումներ: Արդեն ժամանել է Բելառուսի թիմը, վաղը կժամանի Վրաստանի թիմը, իսկ ապրիլի 12-ին՝ Լատվիայի հավաքականը։ Մենք կունենանք մեծ համատեղ մարզում, ինչը հայ մարզիկների համա կլինի շատ օգտակար ու նաեւ մեծ փորձ առաջնության մասնակիցների համար:

Մեր 3 առաջատար մարզիկներ Էդուարդ Օվիկյանից, Մայքլ Հովհաննիսյանից ու Էմմա Պողոսովայից մեծ ակնկալիքներ կան։ Նրանցից յուրաքանչյուրն առաջնությանը պատրաստվում են անհատական ծրագրով, բայց նրանք կմասնակցեն համատեղ մարզմանը Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում»,- նշեց Արտաշես Մադոյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի առաջատար սուսերամարտիկ Էդուարդ Օվիկյանը:

«Հայ սուսերամարտիկներիս համար մեծ պատասխանատվություն է, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում: Ճիշտ է, մարզիկին միշտ օգնում են իր երկրի պատերը, երբ խոշոր մրցաշարին մասնակցում է իր երկրում, բայց բոլորս գիտակցում ենք, որ շատ դժվար է լինելու Եվրոպայի առաջնությունում: Մինչեւ 23 տարեկանների մրցապայքարը միշտ ամենաբարդն է լինում, քանի որ մարզիկը հենց այդ տարիքում է գտնվում իր մարզավիճակի գագաթնակետին: Ինձ համար ամենաուժեղ թիմերից են Իտալիան, Ֆրանսիան եւ Հունգարիան: Այս երկրների սուսերամարտիկներին եմ համարում իմ ամենամեծ մրցակիցները: Շատ լավ մարզումային փուլ ենք անցնում։ Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում շատ դաժան մարզումներ ունեցանք: Հույս ունեմ, որ այդ քրտնաջան աշխատանքն իր արդյունքները կտա»,- ասաց 20-ամյա սուսերամարտիկը:

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը կանցկացվի ԵՊՀ նորակառույց մարզադահլիճում: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ ժամը 17:00-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում