20:57  ,  8 ապրիլի, 2018

Վենգեր. Մխիթարյանը բաց կթողնի ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղը

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնկահոդի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ պատասխան հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 12-ին Ռուսաստանի մայրաքաղաքում: Այդ մասին հայտնել է անգլիական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նա նշել է, որ հայ ֆուտբոլիստը պատրաստ չի լինի նաեւ Անգլիայի առաջնության հաջորդ երկու տուրերին՝ «Նյուքասիլի» (ապրիլի 15) եւ «Վեստ Հեմի» դեմ (ապրիլի 22):

Մխիթարյանը վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (4:1), փոխարինվել 61-րդ րոպեին:

Այս ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Նա նաեւ երկու անգամ ճանաչվել է ակումբի ամսվա լավագույն խաղացող: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում