20:55  ,  7 ապրիլի, 2018

Grenke Сhess Сlassic․ Լեւոն Արոնյանի հերթական ոչ ոքին

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ։ Պարտիան ավարտվեց 40-րդ քայլում:

Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել: Ֆաբիանո Կարուանան սեւերով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ 5 միավորով դարձավ միանձնյա առաջատար: Արոնյանն ունի 4 միավոր եւ ընթացիկ բաժանում է 3-4-րդ տեղերը:

Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։

Ապրիլի 8-ին կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Ֆաբիանո Կարուանայի հետ:

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)

Հոու Յիֆան (Չինաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում