Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին 52-րդ քայլում:
Այս ոչ ոքիից հետո Արոնյանը եւ Կարլսենը վաստակեցին 3.5-ական միավոր եւ հավասարվեցին մյուս 3 առաջատարներին, որոնք դեռ չեն ավարտել իրենց պարտիաները:
Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ Ապրիլի 7-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ:
Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:
Grenke Сhess Сlassic, 6-րդ տուր
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հոու Յիֆան (Չինաստան)
Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 0:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում