22:42  ,  5 ապրիլի, 2018

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ. Բռնցքամարտը բացահայտ առեւտրի է վերածվել

Բռնցքամարտը բացահայտ առեւտրի է վերածվել. պոտենցիալ չեմպիոններին թույլ չեն տալիս հասնել իրենց ոսկիներին: Իսկ ԱԻԲԱ-ն այս ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շուտով բողոք կներկայացնի միջազգային ֆեդերացիային այս առնչությամբ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Մարտի 25-ից ապրիլի 1-ը Ռումինիայում կայացած Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունից Հայաստանը վերադարձավ ընդամենը 1 մեդալով. Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճեց միայն 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Մնացած 6 մասնակիցները դուրս մնացին մեդալային պայքարից: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի համոզմամբ, արդեն երկար ժամանակ բռնցքամարտում տիրում է բացահայտ առեւտուր, ինչի պատճառով Հայաստանի եւ մի շարք այլ պետությունների համար չեմպիոնական տիտղոսը շարունակում է մնալ անհասանելի:

 «Եվրոպայի առաջնության մասնակցության եւ արդյունքներից գոհ լինելու կամ չլինելու խնդիր չունեմ: Ինքս մշտապես գործընթացի մեջ եմ: Ով ինչ պետք է՝ անում է: Գողանում են, սխալ են դատում մենամարտերը: Թիմը դեռեւս երիտասարդ բռնցքամարտիկներից է բաղկացած, նոր են «ծիլ տվել» բռնցքամարտում, դեռեւս չեն հասել այն տարիքին եւ այն սանդղակին, որ իրենցից շատ պահանջներ ունենանք:

Դժգոհ չեմ տղաների մասնակցությունից, հաշվի առնելով այն, որ այնտեղ ամեն մենամարտ բացահայտ առեւտուր էր: Եվ ոչ միայն այս առաջնությունում, այլ, առհասարակ, բռնցքամարտում: Այս ամենը շարունակում է մնալ շատ զարմանալի եւ զազրելի: Մենք այնքան ենք պայքար մղում, որքան կարողանում ենք: Դրանից առավել ի՞նչ կարող ենք անել, ինչպե՞ս կարող ենք անել: Նույն ԱԻԲԱ-ն (սիրողական բռնցքամարտի միջագային ֆեդերացիա) չի կարողանում իրավիճակը վերահսկել, մենք ինչ կարող ենք փոխել: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ պայմանավորվեցինք, որ պետք է բողոք ներկայացնենք: Դեռ չենք արել, բայց անպայման ներկայացնելու ենք, մեզ հետ նաեւ մի շարք այլ երկրներ, որոնք մեզ պես տուժում են, երբ գործը հասնում է չեմպիոնական մենամարտերին:

Բռնցքամարտիկներ կան, ովքեր ընդգծված գնում են չեմպիոնության, մեդալների առեւտրի մեջ չեն մտնում: Բայց ճանապարհի կեսից նրանց հանում են պայքարից եւ թողնում առեւտրի մեջ մտած երկրների ներկայացուցիչներին: Ինձ պետք է, որ մեր մարզիկները ոսկե մեդալներով վերադառնան: Իմ խնդիրը շատ մեդալներ ունենալը չէ, այլ չեմպիոններ ունենալն է: Երբ տեսնում ես, որ քո մարզիկը բոլորից ուժեղն է, բայց չի կարողանում մենամարտը տանել, ի՞նչ կարող ես անել: Որովհետեւ սարսափելի կողմնապահություն կա եւ այդ ամենի հիմքում մեծ առեւտուր է: Իսկ ԱԻԲԱ-ն դեռեւս որեւէ միջոց չի ձեռնարկում այս իրավիճակը կանգնեցնելու համար: Երբ ԱԻԲԱ-ի ներկայացուցիչներին էլ ասում ես, ուսերն են թոթվում, իբր՝ մենք ինչ անենք: Իսկ ո՞վ պետք է անի, հետաքրքիր է»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

Թե նման մրցաշարերում միջազգային կարգի մրցավարներ ունենալը որոշակիորեն չի զսպի՞ «առեւտուրը» եւ այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է տարվում, Դավիթ Թորոսյանը նշեց, որ հարցը պետք է ուղղել ֆեդերացիայի նախագահին, այլ ոչ թե իրեն:

«Այդ հարցը ուղղեք ֆեդերացիայի նախագահին... Լավ հարց է, բայց ճիշտ մարդու չի ուղղված: Ես մասնագիտական որակների համար եմ պատասխանատու: Սա արդեն ֆեդերացիայի գործոնն է, որին ես այդքան էլ չեմ առնչվում: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե կտա օգուտ մրցավարական կազմերում Հայաստանի ներկայացուցիչ ունենալը, թե ոչ, ըստ իս՝ պետք է որ տա, գոնե որոշակի առումով պետք է զսպի մյուս մրցավարներին գոնե արդար դատելու հարցում: Մենք էլ մեր հերթին մեր աշխատանքային մարտավարությունը պետք է փոխենք, այնպիսի մոդել մշակենք, որ մեր բռնցքամարտիկները գան հասնեն կիսաեզրափակիչներ ու նրանց անարդար չդատեն, փաստի առաջ չկանգնեցնեն: Նույն կերպ մտածում է նաեւ Արթուր Գեւորգյանը: Խնդիրն այն է, որ միայն Հայաստանի նկատմամբ այդպես չէ, շատ այլ երկրների թիմեր արժանի պայքար են մղում եւ մարզիկները կիսաեզրափակիչներին դուրս են թռնում: Այնտեղ շատ անհասկանալի երկրներ կան, որոնք լավ են տրամադրված այդ արժեքային համակարգերի նկատմամբ եւ գալիս են զուտ առեւտրի, այլ ոչ թե բռնցքամարտելու:

Պետք է բողոքենք, դիմակայենք, բարձրաձայնենք, որ ինչ-որ բան փոխվի, գոնե հատուկ հանձնաժողովներ դնեն՝ մրցավարներին հսկող, թե չէ այսպես որքա՞ն կարող է շարունակվել. Մարդիկ տարիներով չարչարվում են, իրենց մարզիկներին տանում են մրցման ու այնտեղ նրանց հարցերը միանգամից լուծում են, հետ ուղարկում»,- մանրամասնեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Թե ինչ հեռանկարներ ունեն Հայաստանի հավաքականի երիտասարդ բռնցքամարտիկները, մարզիչի խոսքով, մի քանիսին գուցե հաջողվի Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

«Կարծում եմ՝ լավ հեռանկարներ ունենք: 2019 թվականին կմտնենք վարկանիշային ծրագրի մեջ եւ պետք է ցույց տանք մեզ այն, ինչ-որ կանք, ինչ-որ կարող ենք անել: Այս առումով ֆեդերացիան մեծ գործ ունի անելու, որը եւ անում է, որ կարողանանք ոչ միայն Օլիմպիական խաղերի մասնակից լինել, այլեւ օլիմպիական մեդալ նվաճել. գերնպատակը սա է»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով