12:14  ,  5 ապրիլի, 2018

Արսեն Վենգերը Հենրիխ Մխիթարյանին խնդրել է թարգմանել ռուսերեն հարցը

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Լոնդոնի «Արսենալի» եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի միջեւ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման նախախաղային ասուլիսին, որին մասնակցել են անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը եւ 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը ռուսերեն հարց է տվել Վենգերը, որը չի հասկացել հարցը եւ ցանկացել է օգտվել ականջակալներից, որոնց միջոցով հարցը թարգմանվում է։ Այդ ընթացքում ֆրանսիացի մասնագետն ասել է, որ գուցե Հենրիխ Մխիթարյանը կթարգմանի հարցը, սակայն Հայաստանի հավաքականի ավագը կատակելով նշել է հետեւյալը․ «Դա իմ աշխատանքը չէ, բոս»։

Ապրիլի 5-ին Լոնդոնում կայանալիք «Արսենալ» - ԲԿՄԱ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։05-ին։ Խաղը կսպասարկի Չեխիայի մրցավարական բրիգադը՝ Պավել Կրալովեցի գլխավորությամբ։ Նախորդ փուլում «Արսենալը» պայքարից դուրս է թողել իտալական «Միլանին», իսկ ԲԿՄԱ-ն ուժեղ է գտնվել ֆրանսիական «Լիոնից»։

Հիշեցնենք, որ «Սթոք Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի նախորդ տուրի խաղում (3։0) Հենրիխ Մխիթարյանը մնացել էր «Արսենալի» պահեստայինների թվում եւ փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում