00:36  ,  5 ապրիլի, 2018

«Ռոմայի» 2 ինքնագոլը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին, «Լիվերպուլը» շանս չտվեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում առաջին հանդիպումներն անցկացրին կատալոնական «Բարսելոնան» ու իտալական «Ռոմա» եւ անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»:

Բարսելոնայում էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:1 հաշվով: Հյուրերի կազմում ինքնագոլերի հեղինակ դարձան իտալացի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին եւ հույն պաշտպան Կոստաս Մանոլասը: Դրանից հետո իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն հաշիվը դարձրեց 3:0: Վերջնամասում «Ռոման» կրճատեց հաշվի տարբերությունը բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի գոլի շնորհիվ, սակայն քիչ անց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խփեց «Բարսելոնայի» չորրորդ գոլը (տեսանյութ):

Լիվերպուլում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն արդեն առաջին խաղակեսում խփեց երեք գոլ: Դաշտի տերերի կազմում աչքի ընկան եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը եւ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն (տեսանյութ): Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում չկարողացավ բեկել պայքարի ընթացքը եւ 3:0 հաշիվը մնաց անփոփոխ:

Այս թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 10-ին:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 4:1

Դանիելե Դե Ռոսի, 38, ինքնագոլ, Կոստաս Մանոլաս, 55, ինքնագոլ, Ժերար Պիկե, 59, Լուիս Սուարես, 87 – Էդին Ջեկո, 80

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 3:0

Մոհամեդ Սալահ, 12, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 20, Սադիո Մանե, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում