00:07  ,  4 ապրիլի, 2018

Արման Ղազարյան. Սոնա Պողոսյանն ասում է, որ դոպինգ չի օգտագործել

Շատ վատ բան է եղել, էտ երեխեն ասում է՝ դոպինգ չեմ ընդունել: Չգիտեմ՝ ինչ է լինելու, ինչպես ֆեդերացիան կասի, այնպես էլ կանենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի արդեն նախկին երկրորդ մարզիչ, դոպինգ ընդունելու մեջ մեղադրվող 75 կգ քաշային Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Օլիմպավանում հավաք անցնող կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամները օրերս հերթական դոպինգ թեստն են հանձնել, որի արդյունքում մինչեւ 20 տարեկանների  Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից, 75 կգ քաշային Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին գրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը եւ մարզիկին ժամանակավորապես զրկել միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստում որոշում է կայացվել հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին եւ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանին հեռացնել պաշտոնից:

«Տեղյակ չեմ, ինչպես է եղել, ինչ է եղել: Հարցրել եմ երեխուն, ասում է՝ խաբար չեմ... Ես էլ իր նման մարդ, բոլորի հետ հավաքների եմ եղել: Փետրվարի 9-ին հավաքի ենք եղել, գնացել ենք անալիզներ ենք հանձնել, հետո նորից  փետրվարի 14-ին ենք անալիզ տվել՝ 4 օր անց:  Մի անալիզի պատասխանը դրական է եղել, մյուսինը՝ բացասական:

Ես Սոնայի հետ խոսել եմ, բոլորի դեմն եմ հարցրել՝ տենց բան արել ես: Ասում է՝ ոչ, չեմ արել ու վերջ: Ես էլ ձեր նման, ոչնչից տեղյակ չեմ, շատ վատ բան է... Այնքան նեղված եմ, որ ես տեղյակ չեմ այս ամենից:

Ես ո՞ւմ կարող եմ ապացուցել, որ տեղյակ չեմ, շատ վատ բան է կատարվել: Սոնան լացում է ու հերքում է ամեն ինչ: Ասում է՝ ես նման բան չեմ արել, ասում եմ՝ պատասխանը դրական է եկել, լացում է, ասում է՝ չէ: Ի՞նչ կարող եմ անել, ինչպե՞ս բողոքարկեմ»,- ասաց Արման Ղազարյանը:

Նշենք, որ Արման Ղազարյանը եղել է նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական մարզիչը, ով դոպինգ թեստերի դրական արդյունքներ ունենալու պատճառով որակազրկվեց եւ հետ վերադարձրեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը:

Հիշեցնենք, որ Արտաշես Ներսիսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, թե «ինչ-որ մեկը միտումնավոր Սոնա Պողոսյանին արգելված խթանիչ է տվել հենց այս շրջանում՝ հունվարին, որպեսզի Օլիմպավանում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ դոպինգ թեստ հանձնի եւ բռնվի»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով