22:46  ,  3 ապրիլի, 2018

Փաշիկ Ալավերդյանը՝ կանանց հավաքականի դոպինգ սկանդալի մասին

Կարծում եմ, այս խնդիրը չի անդրադառնա ծանրամարտի հավաքականների որակազրկման վերջնաժամկետի վրա եւ ամեն դեպքում մայիսից ազատ կլինենք: Ինչ վերաբերում է այս դոպինգ սկանդալին, ես որեւէ պարզաբանում չեմ տա, թող Արտաշես Ներսիսյանն ու Արման Ղազարյանը մեկնաբանեն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ով խուսափեց որեւէ մեկնաբանություն տալ կանանց ծանրամարտի թիմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Երեւանի Օլիմպավանում հավաք անցնող կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամները օրերս հերթական դոպինգ թեստն են հանձնել, որի արդյունքում մինչեւ 20 տարեկանների  Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից, 75 կգ քաշային Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին գրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը եւ մարզիկին ժամանակավորապես զրկել միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստում որոշվել է հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին եւ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանին հեռացնել պաշտոնից:

«Ես այս դեպքի մասին ոչինչ չեմ ասելու: Կա հավաքականի գլխավոր մարզիչ, անձնական մարզիչ, թող իրենք էլ խոսեն, բացատրեն ինչ է, ինչպես է: Մենք այժմ ուժեղ հսկողության տակ ենք, եւ մինչեւ նշանակված վերջնաժամկետը պետք է մաքուր լինեինք: Բայց չեմ կարծում, որ այս իրադարձությունը կանդրադառնա մեր վերնջաժամկետի վրա: Իսկ եթե ամեն դեպքում անդրադարձավ եւս երկու տարի պետք է սպասենք: Միջազգային ֆեդերացիան արդեն հայտարարել է դոպինգի մասին, բայց այն դեռ հաստատված չէ, եթե 20 օրվա ընթացքում մեղադրվող կողմը չի արձագանքում, դոպինգը հաստատվում է, մարզիկի որակազրկումը եւս: Ես չգիտեմ՝ ինչ են պատրաստվում անել հավաքականի գլխավոր մարզիչն ու անձնական մարզիչը, բայց ես նրանց հետ չեմ եղել եւ ոչինչ չեմ անելու: Նրանք կարող են առանց ֆեդերացիայի էլ անձնական հայցով բողոքարկել»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Արտաշես Ներսիսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, թե «ինչ-որ մեկը միտումնավոր Սոնա Պողոսյանին արգելված խթանիչ է տվել հենց այս շրջանում՝ հունվարին, որպեսզի Օլիմպավանում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ դոպինգ թեստ հանձնի եւ բռնվի»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով