22:47  ,  31 մարտի, 2018

Grenke Сhess Сlassic. Կարուանան ու Կարլսենը բաժանվեցին խաղաղությամբ

Գերմանիայում մեկնարկած Grenke Сhess Сlassic մրցաշարում մարտի 31-ին անցկացվեցին առաջին տուրի պարտիաները։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով միավորը կիսեց գերմանացի Գեորգ Մեյերի հետ։

Ոչ ոքի գրանցվեց նաեւ տուրի կենտրոնական պարտիայում, որում հանդիպեցին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ օրեր առաջ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած Ֆաբիանո Կարուանան։ Կարլսենը խաղում էր սեւերով։

Առաջին տուրի միակ հաղթանակը տարավ ռուս Նիկիտա Վիտյուգովը, որը սեւերով ուժեղ գտնվեց գերմանացի Մաթիաս Բլյուբաումից։

Ապրիլի 1-ին կայանալիք երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ուժերը կչափի Արկադի Նայդիչի հետ։

Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային 3 տուրերը կանցկացվեն Բադեն Բադենում, իսկ հաջորդ 5 տուրերը՝ Կարլսրուե քաղաքում։

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, առաջին տուր

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)` 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Հոու Յիֆան (Չինաստան)՝ 0.5:0.5

Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)` 0:1

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)` 0.5:0.5

Ֆոտո՝ մրցաշարի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս