11:57  ,  27 մարտի, 2018

Աշխարհի չեմպիոն Աղասի Մանուկյանն այսօր կդառնար 51 տարեկան, Արսեն Ջուլֆալակյանը է հիշել նրա նվերը (ֆոտո)

Մարտի 27-ին հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1993թ․ աշխարհի չեմպիոն Աղասի Մանուկյանի ծննդյան տարեդարձն է։ 2006 թվականից ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի անվանի ըմբիշն օրեր առաջ մահացել էր երկարատեւ հիվանդությունից հետո։ Այսօր Աղասի Մանուկյանը կդառնար 51 տարեկան։

Լոնդոն-2012 Oլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պատմել է, որ Աղասի Մանուկյանը նրան ոգեշնչել է ըմբշամարտում առաջին քայլերը կատարելիս, ինչպես նաեւ հիշել է նրա նվերը։

«20 տարի առաջ՝ 1998 թվականին, ես սկսեցի մարզվել ըմբշամարտով։ Դրանից առաջ ես ըմբշամարտի մարզադահլիճում լինում էի միայն հորս հետ, սակայն դա միայն զվարճանք էր։ Այդ օրը ես ծնողներիս համոզեցի, որ ինձ տանեն ըմբշամարտի՝ դաշնամուրի դասերի փոխարեն (ինչպես երեւում է, դա լավագույն որոշումն էր)։ Ամեն բան վերահսկվում էր հորս կողմից (որտեղ պետք է մարզվեմ, ով պետք է լինի առաջին մարզիչս, մարզումների ծրագիրը եւ այլն)։ Ես առաջին անգամ ըմբշամարտի դահլիճում էի մորս հետ (հայրս արտասահմանում էր աշխատանքի նպատակով)։ Այդ ժամանակ ես չունեի պրոֆեսիոնալ մարզակոշիկներ եւ մենք գնեցինք մատչելի կոշիկներ։

Ես հիշում եմ այսօրվա պես։ Երբ պատրաստվում էինք մտնել մարզադահլիճ, դռների մոտ հանդիպեցինք Աղասի Աղասյանին (նրա սիրելի վայրում, որտեղ նա հաճախ էր լինում)։ Նա ասաց, որ ուրախ է տեսնել, որ որոշել եմ շարունակել հորս գործը եւ հարցրեց, թե արդյոք ունեմ ըմբշամարտի մարզակոշիկներ։ Լսելով պատասխանը՝ նա գնաց մարզիչների սենյակ եւ ինձ համար բերեց Asics-ի նոր մարզակոշիկներ ու գուլպաներ։

«Ես մաղթում եմ քեզ դառնալ մեծագույն ըմբիշ, սակայն մինչեւ այդ դու պետք է հաղթես մի շարք փոքր մրցաշարերում։ Մի մոռացիր դա»,- դրանք նրա խոսքերն էին։

Այդ պահին ես աշխարհի ամենաերջանիկ երեխան էի, եւ խոստացա անել դա։ Դա հսկայական մոտիվացիա էր ինձ համար։ Այդպես ես սկսեցի իմ երկար ուղին ըմբշամարտում։

Մեծ շնորհակալություն Աղասի Մանուկյանին այն ամենի համար, ինչ նա արել է ըմբշամարտի համար։

Հանգչիր խաղաղությամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է 2014թ․ աշխարհի ու 2009թ․ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։

Հիշեցնենք, որ Աղասի Մանուկյանը աշխարհի չեմպիոն էր դարձել 1993թ․ Ստոքհոլմում կայացած աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում` եզրափակիչում հաղթելով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ռուս Ալեքսանդր Իգնատենկոյին:

Եվրոպայի առաջնությունում նա արծաթե մեդալակիր է դարձել 1994-ին եւ 1995-ին, իսկ 1988-ին ԽՍՀՄ հավաքականի կազմում Աթենքում հռչակվել է աշխարհի գավաթակիր։ 1996-ին Աղասի Մանուկյանը մասնակցել է Ատլանտայի Օլիմպիական խաղերին, իսկ 1987-ին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

Աղասի Մանուկյանը ծնվել է 1967 թվականի մարտի 27-ին Գյումրիում։ Նրա ավագ եղբայր Միշան ու կրտսեր եղբայր Սամվելը եւս ըմբիշներ են եղել։ 2006 թվականից Մանուկյանը բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ զբաղվել է նաեւ մարզչական աշխատանքով։ Նա ունի 3 որդի։

Տարբեր երկրների անվանի ըմբիշները ցավակցական ուղերձներ են հղել Աղասի Մանուկյանի մահվան կապակցությամբ եւ աջակցություն հայտնել նրա ընտանիքին։ ԱՄՆ-ում նրա ընկերները նաեւ հաշվեհամար են բացել նախկին ըմբիշի ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում