21:20  ,  26 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար․ Լեւոն Արոնյանը կրեց հերթական պարտությունը, Կարուանան՝ միանձնյա առաջատար

Բեռլինում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում չորրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 26-ին անցկացվեց նախավերջին՝ 13-րդ տուրը, որում Լեւոն Արոնյանը կրեց հերթական պարտությունը։

Հայկական շախմատի առաջատարը սեւ խաղաքարերով մրցեց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ եւ պարտվեց 39-րդ քայլում։ Արոնյանը Կարուանային պարտվել էր նաեւ առաջին շրջանում։

Այս հաղթանակից հետո Կարուանան վաստակեց 8 միավոր եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 2-3-րդ տեղերը բաժանող Սերգեյ Կարյակինն ու Շաքրիյար Մամեդյարովն ունեն 7․5-ական միավոր։

Հայ գրոսմայստերը 6-րդ պարտությունը կրեց մրցաշարում, որում տարել է մեկ հաղթանակ եւ 6 պարտիա ավարտել ոչ ոքի։ Արոնյանը 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ զրկվեց վերջին տեղից հեռանալու հնարավորությունից։ Մարտի 27-ին կայանալիք վերջին տուրում նա սպիտակներով կմրցի Ուեսլի Սոյի հետ։

Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1։0

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0․5։0․5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1։0

Դին Լիրեն (Չինաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0․5։0․5

Մրցաշարային դրությունը 13-րդ տուրից հետո. Կարուանա՝ 8 միավոր, Կարյակին, Մամեդյարով՝ 7.5-ական, Դին Լիրեն՝ 7 Գրիշչուկ՝ 6․5, Կրամնիկ՝ 6, Սո՝ 5․5, Արոնյան՝ 4:

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում