21:01  ,  24 մարտի, 2018

Արթուր Պետրոսյան. Գոհ եմ տղաների նվիրվածությունից

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին մեկնաբանել է թիմի խաղը էստոնացիների հետ ընկերական խաղում:

«Հանդիպումը ծառայեց իր նպատակին: Գոհ եմ տղաների նվիրվածությունից ու կատարած աշխատանքից: Գոհացրեց պաշտպանությունում խաղը, սակայն կարող ենք ավելի լավ խաղալ: Առաջին խաղակեսում ավելի հարձակողական ոճով խաղացինք, իսկ երկրորդում խաղադաշտ դուրս բերեցինք երկրորդ հենակետային կիսապաշտպանի: Կաղում էինք վերջին փոխանցման հարցում:

Գոհ եմ դարպասապահ Արամ Հայրապետյանի խաղից, սակայն ունենք ևս երկու հավասարազոր դարպասապահներ` Արսեն Բեգլարյանը և Գոռ Մանուկյանը: Հուսով եմ, որ կլուծվի նաև Դավիթ Յուրչենկոյի հարցը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Նորբերտո Բրիասկոն զուրկ էր խաղային պրակտիկայից վնասվածքի պատճառով: Բալեկյանը լավ որակներով օժտված ֆուտբոլիստ է, շատ լավ մերվեց թիմին, սակայն նրան ժամանակ է պետք:

Մշտապես աշխատում ենք նոր ֆուտբոլիստներ հայտնաբերելու ուղղությամբ: Հնարավոր է, որ ապագայում էլ հավաքականում նորեկներ լինեն:

Մարզմանը վնասվածք ստացած Արաս Օզբիլիսի վիճակն ավելի լավ է, հնարավոր է, որ նա կմասնակցի Լիտվայի հետ խաղին»,- ասել է Արթուր Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան – Էստոնիա հանդիպում ավարտվել է 0:0 հաշվով: Մարտի 27-ին Հայաստանի թիմը կընդունի Լիտվայի հավաքականին, որն այսօր 0:4 հաշվով պարտվել է վրացիներին:

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում