14:33  ,  24 մարտի, 2018

Հայաստան - Էստոնիա․ Անոնս (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 24-ին կանցկացնի այս տարվա առաջին ընկերական հանդիպումը՝ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցելով Էստոնիայի թիմի հետ։ 

Պատմություն

Սա Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականների 5-րդ հանդիպումն է։ Թիմերի միջեւ առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 1998 թվականի նոյեմբերի 21-ին, երբ հայկական թիմն ընկերական խաղում հաղթել է նվազագույն հաշվով։ Թիմերն ընկերական խաղ են անցկացրել նաեւ 1999-ի սեպտեմբերի 18-ին, եւ Էստոնիայի հավաքականը ռեւանշի է հասել 2։0 հաշվով։ Հաջորդ 2 հանդիպումները տեղի են ունեցել աշխարհի 2010թ․ առաջնության ընտրական փուլում։ Երեւանում կայացած առաջին խաղում (28.03.2009) գրանցվել է 2։2 հաշիվը, իսկ Էստոնիայում (01.04.2009) դաշտի տերերն առավելության են հասել նվազագույն հաշվով։

Նոր անուն, նոր սպասելիքներ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն առաջիկա 2 խաղերի համար ազգային թիմ է հրավիրել արգենտինական «Աթլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկոյին։ 22-ամյա Բրիասկոն «Աթլետիկո Ուրականի» սան է։ 2016-ի ամռանը արգենտինահայ հարձակվողը համալրել է «Աթլետիկո Ուրականի» գլխավոր թիմը, որի կազմում դարձել է 7 գոլի հեղինակ։ Յուրա Մովսիսյանից հետո Հայաստանի հավաքականը խնդիրներ ունի կոնտրոնական հարձակվողի դիրքում։ Հայ երկրպագուները սպասում են, որ Բրիասկոն կարող է լրացնել այդ բացը։

Հայաստանի հավաքականում Հենրիխ Մխիթարյանը գոլերի հաշիվը բացել է Էստոնիայի դեմ խաղում

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում առաջին գոլը խփել է 2009 թվականի մարտի 28-ին: Դա տեղի էր ունեցել Էստոնիայի հավաքականի դեմ ԱԱ-2010-ի ընտրական խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի 33-րդ րոպեին Մխիթարյանը բացել էր հաշիվն անդրադարձի օգնությամբ:

Առանց Օզբիլիսի ու նոր դարպասապահով

Հավաքին հրավիրված ֆուտբոլիստներից խաղին, հավանաբար, չի կարող մասնակցել միայն մոլդովական «Շերիֆի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը վնասվածք էր ստացել մարզման ժամանակ։ «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանն այս անգամ չի հրավիրվել հավաքական։ Սպասվում է, որ թիմի դարպասը պաշտպանելու է Երեւանի «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը, որը լավ տպավորություն է թողնում Հայաստանի առաջնության խաղերում։ Հավաքական են հրավիրվել նաեւ «Փյունիկի» երիտասարդ դարպասապահներ Գոռ Մանուկյանը եւ Սեւակ Ասլանյանը։

Նախորդ խաղերը

Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է նոյեմբերին՝ Երեւանում հաղթելով Բելառուսին (4:1) եւ Կիպրոսին (3:2): Էստոնացիներն այս տարի արդեն անցկացրել են մեկ ընկերական հանդիպում՝ հունվարի 7-ին ոչ ոքի խաղալով Շվեդիայի հավաքականի հետ։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Էստոնիան 86-րդն է։

Բուքմեյքերների ֆավորիտը

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում հայկական թիմին, որի տնային հաղթանակը գնահատում է 1․73 գործակցով։ Էստոնիայի հավաքականի հաղթանակն ունի 5․00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3․50։

Ընկերական խաղ

Հայաստան – Էստոնիա՝ 18։00

Մրցավար՝ Գեորգի Վադաչկորիա (Վրաստան)

Հայաստանի հավանական մեկնարկային կազմը․ Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Գաել Անդոնյան, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Կամո Հովհաննիսյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս